«Ես վատ բան չեմ անում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ հորդորեց Փակ շուկային վերաբերող հարցերով դիմել շուկայի տնօրենին` Վահագն Մկրտչյանին:
Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, որ շուկայի սեփականատերն ինքը չէ: Լրագրողները նկատեցին, որ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ պարզ դարձավ, որ կանայք են իրեն պաշտպանում, պատգամավորը պատասխանեց. «Կանայք էլ, տղամարդիկ էլ, ջահելներն էլ, ուսանողներն էլ, սաղ պաշտպանում են ինձ, վատ ա՞»:
Ալեքսանյանն իր դժգոհությունները բարձրաձայնեց, որ իր արած լավ բաները որեւէ լրագրող երբեւիցե չի գրում` հայտարարելով, թե չի կարող. «Ոչինչ, մի օր խղճներիդ վրա կգա, խիղճը կգա` ձեզ կխեղդի, կգրեք ճիշտը»:
Լրագրողների հարցին, թե ե՞րբ է գալու իր խիղճը` պատմամշակութային արժեք ներկայացնող Փակ շուկայի դեպքում, Ալեքսանյանն ասաց. «Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ, փրկել…զիբիլանոցից, կռիսանոցից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ