Այսօր «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը «Տեսակետ» ակումբում խոսելով Մաքսային միության մասին՝ ասաց. «Մի բան ակնհայտ է, մենք հայտնվում ենք նոր իրողությունների պայմաններում, եւ սա է, որ մտահոգություններ է առաջացնում: Ասոցացումը նույնը չէ, ինչ ԵՄ-ին անդամակցելը: Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը չի խախտում բալանս՝ իր արտաքին քաղաքականության մեջ, բայց Մաքսային միության պայմանագրի տակ ստորագրելով՝ խախտում է բալանս»:
Նա նշեց, որ ԵԺԿ-ում ՀՀԿ պատգամավորներ Արմեն Աշոտյանը եւ Արտակ Նազարյանը փորձում էին համոզել, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրվի՝ առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու փաթեթի: Ըստ Ստյոպա Սաֆարյանի, դա անհնար էր . «Եվրոպական կողմը մի փոքր սպառնալիք էր դրել, որ չի կարող ներվել Հայաստանին այդքան տարիների անպտուղ բանակցությունները: Հետո հարց էին դրել, որ այդքան տարիների բանակցությունները պարզապես չի կարող ավարտվել անպտուղ փաստաթղթով՝ առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու: Սա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը չի կարող նորից դրվել սեղանին, բայց Հայաստանը պետք է վերանայի իր դիրքորոշումը: Հայաստանի իշխանությունները երկիրը հասցրել են մի այնպիսի հանգրվանի, որ մեր երկիրը վտանգել է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու տարրական իրավունքը: Եթե Հայաստանը դառնալու է կիսաանկախ պետություն, որի հարաբերությունները որոշվելու է Մաքսային միությունում, սա նշանակում է, որ մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը: Սա փորձում են ներկայացնել, թե հերթական հաղթանակն էր՝ Հայաստանի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ