Լրահոս
Օրվա լրահոսը

Արգամ Այվազյանի նոր աշխատությունը

Սեպտեմբեր 11,2013 13:40

Օրերս  լույս է տեսել  ճանաչված հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի նոր` «Ագուլիսի  1919թ. ողբերգություն-եղեռնը», աշխատությունը: Դիմելով Ա. Այվազյանին՝ խնդրեցինք «Առավոտի» ընթերցողների  համար ներկայացնել հատորը:   Այվազյանը  մասնավորապես նշեց.

«Հատորում  ներառված են 1919թ. դեկտեմբերի 24-25-ին Գողթն գավառի սիրտը համարվող Ագուլիս քաղաքի հայ բնակչությանը կոտորածի ենթարկելու վերաբերյալ 7 ականատեսների (Ի. Տեր-Անտոնյան, Ն. Ավշարյան, Կ. Սիմոնյան, Շ. Հախնազարյան, անհայտ հեղինակ, Թ. Հայրապետյան, Հ. Հախնազարյան) եւ 8 ժամանակակիցների (Գ. Սարգսյան, Պ. Պետրոսյան, Հ. Անագչյան, Գ. Փանյան, Վ. Միքայելյան, Վ. Կզարթմյան, Ե. Մելիք-Մուսյան, Ավո) վկայություն-հուշագրությունները: Վերջիններս, չորսից  բացի (Ի. Տեր-Անտոնյան, Հ. Հախնազարյան, Ն. Ավշարյան, Ավո), հրատարակվում են առաջին անգամ եւ կարեւոր փաստաթղթեր են Ագուլիսի ողբերգությունը, ինչպես եւ Նախիջեւանի գավառների 1918-21թթ. իրադարձությունները հանգամանալից ուսումնասիրելու համար: Հատորը հրատարակման պատրաստելիս պահպանել ենք հուշագիրների բնագրերի ուղղագրությունը: Բնագրերում կատարել ենք լեզվաոճական, կետադրական որոշ շտկումներ. մեր կողմից կատարված բառերի վերականգնումներն առել ենք քառակուսի, իսկ հեղինակների բաց թողած տառերն ու բառերը՝ կլոր փակագծերի մեջ: Կատարել ենք նաեւ ծանոթագրման աշխատանքներ, որոնք տեղադրված են համապատասխան էջերի տողատակերում: Նյութերը տեղադրել ենք ըստ նրանց շարադրված լինելու ժամանակագրության: Հուշագիրների վերաբերյալ ընթերցողներին տեղեկություններ հաղորդելու համար՝ ըստ մեր ձեռքի տակ եղած կենսագրական նյութերի, կազմել ենք նաեւ նրանց ամփոփ կենսագրականները:  Հակառակ մեր ցանկության՝ որոշ հուշագիրների վերաբերյալ, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, չենք կարողացել ամբողջական տվյալներով ու լուսանկարներով ներկայացնել նրանց կենսագրականները: Հ.Հախնազարյանի, Ավոյի հուշագրությունների եւ Ի.Տեր-Անտոնյանի բնագրերից բացի, մնացածները գտնվում են իմ անձնական դիվանում, որոնք տարբեր տարիներում ձեռք եմ բերել զանազան վայրերում  բնակվող (Հայաստան, Վրաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Ռուսաստան) գողթնեցիներից: Հուշագիրները բոլորն էլ՝ բացի Ի. Տեր-Անտոնյանից, Ավոյից եւ Ն. Ավշարյանից, գողթնեցիներ են (Վերին եւ Ստորին ագուլիսեցիներ, ցղնեցիներ), տարբեր զբաղմունքների ու քաղաքական հայացքների,   հիմնականում  բարձրագույն  կրթության  տեր անձինք»:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ  Ադրբեջանի  ժողովրդական գրող Ա. Այլիսլիի «Քարե  երազներ»   վեպից հատվածներ էլ են զետեղված հատորում:

«Հատորը էջադրվում էր, երբ Մոսկվայում լույս տեսնող «Դրուժբա նարոդով» ամսագրի 2012 թ. N12-ում տպագրվեց ծնունդով ագուլիսեցի՝ Ադրբեջանի Ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Փաստավավերագրական այս վեպում զգալիորեն տեղ է տրված նաեւ Ագուլիսի 1919 թ. եղեռնագործությանը: Այդ հանգամանքով էլ խնդրին առնչվող այդ վեպի որոշ հատվածներ գրքի «Ագուլիսի ողբերգությունը  գողթնեցիների  պոեզիայում»  գլխի  տակ  եւս ընդգրկել ենք հատորում:  Վեպի  հատվածների  զետեղումը  ուղեկցված է  այդ ստեղծագործության ինչպես գնահատման, այնպես էլ  նրանում տեղ գտած  հեղինակի  ոչ ճիշտ  պատմական եզրահանգումներին: Հուշագիրների արտահայտած կարծիքներն ու եզրահանգումները չենք քննարկել ու մեկնաբանել: Հրատարակվող հուշագրություններից որոշակիորեն օգտվել եւ անհրաժեշտ մեջբերումներ ենք կատարել մեր «Նախիջեւանը 1905 թ. եւ 1918-1919 թթ. կրակե շղթայի գոյամարտերում» մենագրությունում, որը լույս է տեսել 2005 թ.: Հատորում (հավելվածում) զետեղել ենք նաեւ Ագուլիսի վերաբերյալ 1919-1920թթ. թվով 15 պետական փաստաթղթեր, ինչպեսեւ տեղադրել ենք Նախիջեւանի մի քանի բնակավայրերի XIX–XX դդ. ընդհանուր պատկերները ներկայացնող փաստավավերագրական լուսնկարներ: Լիահույս եմ, որ հատորը, որպես ագուլիսյան ողբերգության հիմնական ատաղձ ու սկզբնաղբյուր` իր նպաստը կբերի 1910-20-ական թվականներին Նախիջեւանի պատմական գավառների պատմությունը համապարփակ ուսումնասիրելու բնագավառում, ինչպեսեւ ազդակ կհանդիսանա աշխարհասփյուռ գողթնեցիների (եւ ոչ միայն) ընտանեկան թողոններում, մասնավոր եւ պետական դիվաններում ու պահոցներում պահպանվող այլ հուշագիրների աշխատանքների ի հայտ գալուն: Մանավանդ որ, Ագուլիսի ողբերգություն-եղեռնն առ այսօր աններելիորեն եւ հանիրավի դուրս է մնացել հայ պատմագրության XX դարի սկզբների պատմության ուսումնասիրման ոլորտից: Այնպես որ` անհետաձգելիորեն անհրաժեշտ է, որպեսզի լույս աշխարհ հանվեն իրազեկ մարդկանց այն բոլոր գրառումներն ու պատմական անցուդարձերի ու դեպքերի վկայությունները, որոնք դատապարտված են անհայտ մնալու-կորչելու ճակատագրին»,- ասաց Արգամ Այվազյանը:

ՍՅՈՒԶԻ ԹՈՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30