Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ հանգեցրեց ՀՀ իշխանությունների՝ «կույս մնալու և հաճույք ստանալու» քաղաքականությունը

Սեպտեմբեր 11,2013 13:16

«Դե ֆակտո ՀՀ-ն հրաժարվեց եվրաինտեգրացիայի ճանապարհից, նա դե ֆակտո ստիպված իր ընտրությունը կատարեց դեպի Մաքսային միություն»,-«Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: 
Ըստ նրա՝ ՀՀ-ն դեռ պատրաստ չէր ամբողջովին ինտեգրվելու ոչ մի տնտեսական գոտու: Նա շարունակեց. «Այն թեզը, որ ՀՀ-ն կարող է ինտեգրվել եվրոպական տնտեսության մեջ, բայց պահպանել իր անվտանգությունը ՌԴ-ի հետ կապված, հնարավոր չէ իրագործել և դա նման է կույս մնալուն և հաճույք ստանալուն: ՀՀ-ն օբյեկտիվորեն այնպիսի վիճակում է, որ նա պատրաստ չէր ամբողջովին միանալու ոչ Եվրամիության, ոչ էլ Եվրասիական տնտեսական գոտուն: ՀՀ-ն պետք է մաքսիմալ փորձեր աներ նորմատիվային ակտերը մոտեցնել Մաքսային միության երկրներին և տնտեսական դաշտի խաղի կանոններին, նույն բանը անել Եվրոպայի հետ: ՀՀ-ն կարող էր կամուրջ լինել ՌԴ-ի և Եվրոպայի միջև»:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշեց. «Սահմանի խնդիր կա Մաքսայինի հետ, բայց նման խնդիր կա նաև Եվրամիության հետ: Ունենք Արցախի խնդիր Մաքսային միության հետ, նույնը ունենք նաև Եվրամիության հետ: Հետևաբար ինչ էլ ասենք, երկուսն էլ մեզ համար բանի պետք չեն»:
Պարոն Մեսրոբյանը մտահոգված է, թե եթե հանկարծ երկու փաստաթղթերն էլ հրապարակվեն ու պարզվի, որ միայն թղթի վրա ենք անկախ: Ըստ փորձագետի՝ ՀՀ-ն մի այնպիսի աշխարհաքաղաքական կենտրոնում է գտնվում, որ շատ լուրջ դերակատարություն կարող է ունենալ: Նրա կարծիքով՝ ամենաքիչը ՀՀ-ն ինքն է իրեն կարևորում և միայն «պապա է» փնտրում:
Aravot.am-ի հստակեցմանը՝ ՀՀ նախագահի՝ մաքսային միության անդամակցումը ճի՞շտ որոշում էր, պարոն Մեսրոբյանը պատասխանեց. «Միանշանակ սա սխալ որոշում էր»: Մեր մյուս հարցին՝ արդյոք իշխանությունները նման քայլի գնացել են իշխանությունը պահպանելու համար, Հ. Մեսրոբյանը պատասխանեց. «Իշխանությունների գիտակցությունը սկսվում և ավարտվում է իշխանություն պահելով»:
Երվանդ Բոզոյանը նույն հարցի կապակցությամբ ասաց. «Մաքսային միության հետ կապված խնդիրը հակազդեցություն էր նրան, որ ՀՀ-ն ուզում էր գնալ եվրոպական ճանապարհով: Հայաստանը նման էր մի աղջկա, որ մի տղայի հետ ընկերություն է անում, բայց ուզում է ևս մեկի հետ էլ ընկերություն անել: Բայց երկուսի հետ միաժամանակ հնարավոր չէ: Հայաստանը ամուսնությանը պատրաստ չէր, ՀՀ-ին ամուսնացրին, քանի որ նա փորձում էր խաղեր տալ մյուսի հետ: Սա բացառապես իշխանության մեղքն էր, քանի որ նա ապրում էր օրվա կուրսով»:
Հ. Մեսրոբյանը նկատեց, թե «ՀՀ-ն խաղեր չէր տալիս, այլ իր պարտքը պիտի վերադարձներ Եվրոպային, որը դրական գնահատական էր տվել վերջին ընտրություններին»:
Մեր հարցին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրավունք ունե՞ր առանց հայ հասարակությանը նախապատրաստելու նման որոշում կայացնել, պարոն Մեսրոբյանը պատասխանեց. «Դա պրոցեդուրային խնդիր է: Մենք նմանվում ենք բժշկի, որ հիվանդի մասին հարցնում է՝ մեռնելուց առաջ քրտնել է, թե ոչ: Դա արդեն հետաքրքիր չէ, եթե մենք դիակի կարգավիճակում ենք հայտնվել»:
Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ՀՀ նախագահը «ֆորմալ առումով դա իրավունք ուներ անելու» ու նշում. «Այդպիսի կարևոր խնդիրների մասին որևէ տեղ ոչ մի քննարկում չեղավ, դա սենսացիա էր, որի մասին իմացանք Մոսկվայից: Սա ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունը չունի սոցիալական հենարան հասարակության մեջ, և ինքը քննարկումները տանում է ոչ թե ՀՀ-ում, այլ ՀՀ-ից դուրս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30