Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հանդիպեցինք Աստծուն, խոսեցինք Նրա հետ…»

Սեպտեմբեր 11,2013 12:31

 «Վստահաբար այս օրերի ընթացքում մեծ գանձեր ենք դիզել մեր հոգում, ամեն վանքից հոգևոր պաշար հավաքել` մեր հոգու հնձաններում ավելացնելու համար»,-օրհնելով «Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության երիտասարդներին` նշեց միության ղեկավար Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը:

Երեք օրերի ընթացքում ԼԿԵՄ անդամներն այցելեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սրբավայրեր` հաղորդ դառնալով նախնիների դարավոր ժառանգությանն ու սուրբ արժեքներին:

«Ուխտի գնալիս, մի պահ թողնելով առօրյա հոգսերն ու խնդիրները, ժամանակդ նվիրում ես Աստծուն: Այս ուխտագնացությունը դրդեց մտածել ավելի աստվածահաճո կյանքով ապրելու  մասին: Հոգեշնորհ Հայր սուրբի ջանքերով մենք տեսանք մեր երկրի իրական գանձերը: Շնորհակալ  եմ մեր հոգևոր հորից, որ կարողացավ այսքան դժվար ու խրթին գործը կատարել և մեզ` երիտասարդներիս տվեց այն, ինչի պակասը հիմա շատերն ունեն, այդ թվում և մենք` հավատքի և հոգու խաղաղության»,-մեզ հետ իր տպավորությունների մասին է պատմում ուխտագնացության մասնակից Սերոբ Իսախանյանը:

Երիտասարդների առաջին ուխտատեղին Նորավանքն էր (XIII-XIVդդ)` Մոմիկ ճարտարապետի հանճարի քարե մարմնացումը, որտեղ և միասնական աղոթքից հետո շարունակեցին իրենց ուխտի ճանապարհը:

Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում նույնպես աղոթեցին ուխտավորները և ճանապարհ ընկան դեպի պատմական Արցախ, որտեղ առաջին հանգրվանը Լաչինի մոտ գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցին էր:

Ասում են` ուխտագնացությունը երկրից դեպի Աստված հոգեւոր ճամփորդություն է` միջնորդված սրբավայրերով: «Ուխտավորի կերպարն այն է, որ ուխտի գնա, հանդիպի Աստծուն, կանգնի Նրա առջև, ասի` «ես եկել եմ»: Եվ Աստված կշշնջա նրա ականջին, ինչպես որ Մայր Թերեզային հարցնում  են, թե ի՞նչ է անում աղոթելիս, նա պատասխանում է. «Աստծուն եմ լսում, և Աստված էլ` ինձ»: Դուք հիմա եկել եք ուխտի, թողեք, որ Աստված խոսի և վստահաբար կլսեք Նրան,  և դուք էլ խոսեք, թող Աստված լսի ձեզ»,-դիմելով երիտասարդներին` նշեց Հայր սուրբը:

Հաջորդ հանգրվանը, որտեղ ուխտավորների   փառաբանող երգն ու աղոթքը բարձրացավ  առ Երկնավոր Հայր, Շուշիի  հրաշակերտ սրբավայրն էր` Ղազանչեցոց  Սբ. Ամենափրկիչ եկեղեցին (1868–87թթ): Այստեղ երիտասարդները եղան նաև Կանաչ Ժամում կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ կոչվող եկեղեցում: Ասում են` Կանաչ Ժամ անվանումը կապված է գմբեթի հետ, որը ներկված է եղել  կանաչ գույնով: Ինչպես նաև Շուշիիում այցելեցին «Ժամհարյանների» տուն-թանգարան, Ռեալական ուսումնարան և Շուշիի բերդ, եղան նաև Հունոտի կիրճում (Ջդրդուզ):DSC01394 (1)

Հասնելով Ամարաս` ուխտավորները մասնակցեցին երեկոյան ժամերգության, որից հետո եղան Սխտորաշեն գյուղում, ուր գտնվում է Տնջրի 2033 տարեկան հսկա չինարի ծառը և ճանապարհ ընկան դեպի Գանձասար:

«Արցախն իրոք թանգարան էր բաց երկնքի տակ, շատ տպավորիչ էին պատմական տարածքները, որոնք մեր պապերի, հայրերի և եղբայրների հերոսությամբ և արյան գնով են ազատագրվել, դա մեզ ավելի էր պարտավորեցնում, որ ուժեղ լինենք` պայքարելու մեր սուրբ հողի համար: Եվ զուր չէր, որ ամբողջ ճանապարհին հերոսական և հայրենասիրական երգեր էինք երգում: Զորավոր էին այնտեղի եկեղեցիները` մեկը մյուսից տարբեր, բայց բոլորին կապում էր Աստծո զորությունն ու լույսը, իսկ բնությունը կարծես գեղանկար լիներ»,-ասում է միության անդամ Տաթևիկ Պապյանը:

Երիտասարդները եղան նաև ԼՂՀ զորամասերից մեկում, որի մոտ գտնվող Սբ. Գևորգ Եկեղեցում Հայր Դերենիկը մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Սբ. Պատարագից հետո Հոգեշնորհ հայր սուրբի ձեռամբ մկրտվեցին 24 զինծառայողներ: Այստեղ  հոգևորականի հայրենաշունչ քարոզը խոսեց ներկաներից յուրաքանչյուրի սրտի հետ:  Զորամասի հրամանատարական կազմի կողմից Հայր Դերենիկին շնորհվեց պատվոգիր`«Բանակ-եկեղեցի կապը ամուր պահելու, հոգևոր արժեքները ամրապնդելու, զինվորների մեջ հայրենասիրություն և եկեղեցասիրություն սերմանելու  համար»:

Պատվոգիր տրվեց նաև միության երգչախմբին:

Ուխտավորնները եղան նաև Տիգրանակերտի բերդում և Ստեփանակերտում:

Ուխտագնացության վերջին օրը Գանձասարում ուխտի Սբ. Պատարագ մատուցվեց: «Ինչպես մենք այս օրերին կարողացանք լավի ու վատի, ամպրոպի և մթի մեջ գտնել արևի նշույլ և ժպտալ, այնպես էլ պետք է կարողանանք այս սուրբ քարերի միջից գտնել մանանան՝ ժպտալ և դնել մեր հոգու մեջ: Զորավոր պահեք ձեր հոգիներում դրված մանանան: Այդ անանց, հավերժագնա հոգևոր հարստությունն ընդմիշտ ձերն է, ինչպես Տերն է ասում՝ այն երբեք ցեցը չի ուտի և ժանգը չի վերացնի: Եվ որքան կարող եք` աղոթքով, ներողամտությամբ, սիրով  լցրեք ձեր հոգու հնձանները»,-իր քարոզում նշեց Հայր Դերենիկը:

«Զգում եմ, որ ներսումս վերացել է ամեն չար բան, անսահման խաղաղություն ու հանգստություն է իջել»,-ասում է միության անդամ Ռուզաննա Եղիազարյանը:

Այսպիսով, այցելելով Հայաստան ու Արցախ աշխարհների սրբավայրերը` միության երիտասարդները խոնարհվեցին Սուրբ հայրերի շիրիմների առջեւ եւ խնկաբույր աղոթքով մասնակից ու բաժնեկից դարձան նրանց սրբությանն ու աղոթական ներկայությանը` հայցելով նրանց բարեխոսությունն ու աղոթքները մեր ողջ ժողովրդի համար:

Նշենք, որ «Լուսավորչի Կանթեղը» եկեղեցասիրաց միություն է, որի նպատակն է իր շուրջը համախմբել հոգեւոր գիտելիքերով զինված երիտասարդների: Միության շրջանակներում իրականացվում են տարբեր սոցիալական ծրագրեր և միջոցառումներ, այցելություններ մանկատներ, ծերանոցներ, կազմակերպվում են ուխտագնացություններ և այլն:

 

Մարիամ Ավետիսյան

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30