Երկու օրից՝ սեպտեմբերի 13-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կսկսի իր աշխատանքները։ Այս մասին երեկ հայտնեց հանձնախմբի անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։
Իսկ մինչ այդ իշխանական կուլիսներում սահմանադրական հանրաքվեի շրջանակներում իրականացվելիք փոփոխությունների վերաբերյալ նոր տեղեկություններ են շրջանառվում։ Մասնավորապես, ինչպես նշում են իշխանական աղբյուրները, քննարկվում է նաեւ երկպալատ խորհրդարանի անցնելու հարցը։ Սահմանադրական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը երեկ ըստ էության, չհերքեց այդ տեղեկությունը։
– Պարոն Դանիելյան, Ազգային ժողովում խոսվում է, որ սահմանադրությունում կատարվելիք փոփոխությունների արդյունքում հնարավոր է, մեր խորհրդարանը դառնա երկպալատ, կա՞ նման հարց օրակարգում, կքննարկվի՞ ու հնարավոր համարո՞ւմ եք դա։
– Որեւէ հարց հիմա բացառել հնարավոր չէ, անձամբ ես չեմ հավակնում նման հարցի քննարկմանը եւ բացարձակապես որեւէ հարցի քննարկում բացառել հնարավոր չէ, որովհետեւ հաստատված աշխատակարգը նախագահի կողմից պարտավորեցնում է ցանկացած հնչած տեսակետ, մոտեցում դարձնել քննարկման առարկա եւ ըստ էության, արտահայտվել դրա շուրջ։
Կարդացեք նաև
Այսինքն, դա նեղ մասնագիտական հանձնախումբ չէ, որը միայն իր կողմից բարձրացված հարցերը պետք է դարձնի քննարկման առարկա։ Մենք պետք է կարողանանք արձագանքել բոլոր քաղաքական ուժերին, մասնագետների կարծիքներին, նույնիսկ եթե նկատել եք, առաջարկվել է հարկ եղած դեպքում նաեւ կազմել աշխատանքային մասնագիտական խմբեր։ Դա ծավալուն աշխատանք է։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում