Հատվածներ Եվրասիական բանկի առաջարկով Մաքսային միության եւ ԵՄ հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացները գնահատող խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետ հարցազրույցից:
– Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի հայտարարությունը հիմնականում դիտարկվում է ավելի շուտ որպես քաղաքական քայլ: Կարո՞ղ եք ասել, ի՞նչ տնտեսական հիմքեր ունի այն:
– Մոտ 4 ամիս առաջ Եվրասիական բանկի առաջարկով սկսեցինք հաշվարկել ե՛ւ Մաքսային միության միանալու, ե՛ւ Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագրի զուտ տնտեսական օգուտը եւ տնտեսական անվտանգության խնդիրը: Աշխատանքներն ավարտվել են օգոստոսի 18-ին, գնահատականներն ուղարկվել են Եվրասիական բանկ եւ այնտեղ հավանության արժանացել:
Առաջին համեմատությունն այն էր, որ Մաքսային միությանը միանալու դեպքում, տնտեսության ներկա կացության պայմաններում, կարճաժամկետ հեռանկարում մենք կունենանք հավելյալ 4 տոկոս համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճ, իսկ Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագրի դեպքում` 2,3 տոկոս աճ: Հստակեցնեմ, թե ինչ ասել է 4 տոկոս հավելյալ տնտեսական աճ: Եթե մենք կնքում ենք պայմանագիր Մաքսային միությանը միանալու մասին, այն սկսում է գործել, եւ դրա շնորհիվ տնտեսության մեջ առանց հավելյալ քայլերի, ներկա վիճակը պահպանելով, 2 տարի հետո տարեկան ունենում ենք լրացուցիչ 4 տոկոս տնտեսական աճ:
Կարդացեք նաև
Իհարկե, հաշվի առնելով մեր առաջարկությունները, որոնք, ի դեպ, հնչեցին Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միասնական հայտարարության ժամանակ:
– Պրն Թավադյան, հիմնական հարցերից մեկն էլ այն է, որ մենք ինչպե՞ս կարող ենք միանալ Մաքսային միությանը, եթե նրա մյուս անդամների հետ չունենք ընդհանուր սահմաններ:
– Մենք ընդգծել ենք, որ այդ միության մեջ մեր գործընկերները դա պետք է հաշվի առնեն եւ փոխհատուցեն: Այսինքն, սահմանների բացակայության ժամանակ դրա հետ կապված հավելյալ ծախսերի փոխհատուցում, օրինակ` էներգակիրներ (գազ, դիզվառելիք, միջուկային վառելիք) մեր երկիր ներմուծելիս:
– ԵՄ հետ ասոցիացման պայմանագիրն, այնուամենայնիվ, մշակվել է, եւ արդյո՞ք այդքան լուրջ խոչընդոտներ կան, որոնք թույլ չեն տալիս նաեւ այս համակարգում Հայաստանի ընդգրկվելը:
– Նախ ես կցանկանայի ներկայացնել այն ռիսկերը, որոնք կարող են վտանգել ԵՄ հետ մեր ասոցիացմանը, որոնք նշել են հենց այդ պայմանագրի փորձագետները եւ որոնց մասին չի բարձրաձայնվում: Առաջինը` Թուրքիայի հետ փակ սահմանն է: Երկրորդը կոռուպցիան է, որն, իհարկե, ներքին խնդիր է: Երրորդ վտանգը մեր երկրի տնտեսության չափանզանց մեծ կախվածությունն է հումքի արտահանումից: Չորրորդ վտանգը «ուղեղների» արտահոսքն է: Ես կավելացնեի եւս մեկը` ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժ` առանց մարդկանց ազատ տեղաշարժի, որը չի ենթադրվում այդ պայմանագրում: Ակնհայտ է, որ առանց մարդկանց ազատ տեղաշարժի չի կարող լիարժեքորեն իրագործվել այլ գարծոնների ազատ տեղաշարժը:
Ինչ վերաբերում է ԵՄ հետ մեր ասոցիացմանը, ապա ես համոզված կարող եմ ասել, որ Մաքսային միության հետ պայմանագիրը, որի արդյունքում մենք կունենանք ավելի կայուն եւ անվտանգ տնտեսություն, հնարավորություն կտա հետագայում ավելի բարենպաստ պայմաններով կնքելու ասոցիացման պայմանագիր ԵՄ հետ: Ներկայումս մենք կարող ենք ԵՄ-ի հետ պայմանագրեր կնքել առանձին ոլորտների վերաբերյալ: Օրինակ` մարդկանց ազատ տեղաշարժի կամ գունավոր մետաղների խտանյութի վաճառքի հետ կապված մաքսային խնդիրների առնչությամբ: Նմանատիպ պայմանագրեր Եվրոմիությունն ունի ԵՄ անդամ չհանդիսացող տարբեր երկրների հետ:
– Մեր հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ մաքսային խնդիրներ կունենա՞նք Մաքսային միության մեջ մտնելու դեպքում:
– Մենք Վրաստանի հետ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք եւ որեւէ խնդիր չեմ տեսնում: Վրաստանն ինչո՞ւ պետք է դժվարություններ ստեղծի, այն դեպքում, երբ Հայաստանի, նաեւ Պարսկաստանի շուկան իրենց համար շահավետ է, առավել եւս անհամեմատ մեծ` Ռուսաստանի եւ ԱՊՀ շուկան: Իրանի դեպքում նույնպես որեւէ բարդություն չեմ տեսնում:
Արա Մարտիրոսյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում