Լրահոս
Օրվա լրահոսը

Ասենք, Կրոմվել Գրիգորյանը ինչ-որ տեղ հանիրավի ինձնից նեղանալու իրավունք ունի, բայց Աթանեսյան, եւ դո՞ւ, Բրուտոս. Ռուբեն Սահակյան

Սեպտեմբեր 11,2013 10:23

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին տխրեցրել է պալատի նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Սահակյանը։ Ավելին, քարոզարշավը ընթանում է ոչ այնպես, ինչպես ինքն էր պատկերացնում։
«Ես չէի պատկերացնում, որ սեւ PR կլինի եւ մեղադրանքներ կշպրտվեն, որոնք չեն ունենա հիմնավորում կամ մեղադրանքներ կներկայացվեն, որոնք կլինեն հիմնազուրկ, կամ մեղադրանքներ կներկայացվեն, որոնք ուղղակի տրամաբանական չեն լինի։ Ինչպե՞ս կարելի է, օրինակ, թվաբանություն անել եւ ասել, որ պալատին տրամադրվել է 260 միլիոն դրամ եւ փաստաբանների թիվը 32-ն է, բայց շփոթել, որ 32-ի դեպքում եղել է 182 միլիոն: Միայն այս տարի է, որ 260 միլիոն է, բայց այս տարի էլ ոչ թե 32, այլ 50 փաստաբան է: Ախր թվաբանության մեջ էլ մի քիչ ճշգրիտ եղիր»,- թեկնածուներից մեկի կողմից իրեն հնչեցված մեղադրանքներից մեկին այսպես հակադարձեց Ռուբեն Սահակյանը։
Նա պատասխանեց նաեւ մյուս մեղադրանքին, թե պալատը ծառայել է իրեն։ «Կամ ասում են պալատը ծառայել է մի անձի՝ Ռուբեն Սահակյանին, դու էլ ես պալատի անդամ, Կրոմվել Գրիգորյան, դո՞ւ էլ ես ծառայել Սահակյանին, եթե բոլորը «ծառայել են» Ռուբեն Սահակյանին, ուրեմն վստահել են, որ ծառայել են։ Նրանք չեն ծառայել, համատեղ ենք աշխատել»,- նշեց Փաստաբանների պալատի նախագահը։
Մյուս մեղադրանքը, թե գործուղումներին Ռուբեն Սահակյանը տանում է յուրայիններին, փաստաբանը չի ժխտում, բայց հավելում է, որ նախ, այդ գործուղումները քիչ են լինում, հաճախ հրավիրողներն են անուն, ազգանուն ներկայացնում, եւ ընդամենը մեկ դեպք է եղել, երբ 29 հոգի պետք է գնար գործուղման, այդ ժամանակը ինքը դիմել էր մի շարք փաստաբանական գրասենյակների։ «Երբեմն ինձ մեղադրում են, որ դու գործուղումներում յուրայիններիդ ես ուղարկել, այո, ճիշտ է դա, բայց բացատրեմ ինչու, յուրայինները ինձ օգնում են, չէ՞, աշխատանքում: Յուրայինը պետք է գնա: Կրոմվել, դու քանի՞ անգամ ես մտել այստեղ, Տիգրան, դո՞ւ քանի անգամ ես մտել, բա Լուսինեն գիշեր-ցերեկ քրեական դատավարության օրենսգրքի վրա է աշխատում, պատկերացնո՞ւմ եք ինչ տաժանակիր աշխատանք է, քրդատը կարդում է, սխալների համար գրավոր գրում, ներկայացնում, գնում, մասնակցում նիստերին, պատերազմում, հետո նորից նստում նույնը կարդում, բա ի՞նչ, Լուսինեին չտանե՞մ գործուղման, եթե այդ հնարավորությունը կա»,- ասաց Ռուբեն Սահակյանը։
Նա շեշտեց, որ քարոզարշավի ընթացքն իրեն տխրեցրել է, նման բան չէր սպասում. «Մարդիկ ինձ հետ կողք կողքի աշխատել են 8 տարի, Տիգրան Աթանեսյանը հայտարարել է, որ երկու անգամ ինքը ինձ է ընտրել: Չորս տարի տեսար լավ չեմ աշխատում, չընտրեիր։ Կամ գալիս ջերմ բարեւում ես ինձ, մի հատ ասա Ռուբեն Արամիչ, դու իմ ավագ ընկերն ես, սնեց բաներ մի արա էլի»,- նշեց Ռուբեն Սահակյանը։
Իսկ թե ինչն է այս ամենի պատճառը, որ նույնիսկ փաստաբանների քարոզարշավն է փոխադարձ մեղադրանքներով ընթանում, նա ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնելուց։ «Ասենք Կրոմվել Գրիգորյանը ինչ-որ տեղ հանիրավի ինձնից նեղանալու իրավունք ունի, որովհետեւ բազմիցս կարգապահական վարույթ ենք հարուցել իր նկատմամբ, բայց Աթանեսյան, եւ դո՞ւ, Բրուտոս»,-նշեց նա։

Ինգա Մարտինյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30