Այն ժամանակվանից ի վեր, ինչ 2009 թվականի ամռանը Բոստոնում մի խումբ երիտասարդ «դեմքեր» ստեղծեցին Awesomefoundation-ը, այն գնալով ավելի ու ավելի լայն մասշտաբներ է ձեռք բերում՝ տարածվելով աշխարհով մեկ: Չորս տարվա ընթացքում 661 ծրագրի համար տրվել է 661 հազար դոլար դրամաշնորհ:
Հետաքրքիր, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ «զիլ», «թույն» նախաձեռնությունների համար դրամաշնորհ տվող այս «թույն» հիմնադրամը աշխարհի 15 երկրների 79 քաղաքներից հետո արդեն իր մասնաճյուղն է բացել Երեւանում: Այսուհետ մերոնք էլ հնարավորություն ունեն իրենց «թույն» գաղափարները մատուցել այս հիմնադրամին եւ ստանալ 1000 դոլարի չափով դրամաշնորհ:
Կարդացեք նաև
Awesomefoundation-Yerevan-ն ինքն իր մասին հայտարարում է այսպես. «Մենք “Օսմ” հիմնադրամի նորաբաց Երևանյան մասնաճյուղն ենք: Մենք ամեն ամիս $1000 մինի-դրամաշնորհներ ենք տրամադրելու շատ թույն եւ հավես նախագծերին։ Չնայած, որ գումարը մեծ չէ, բայց մենք դա տրամադրում ենք առանց ավելորդ գլխացավանքի, անտանելի թղթավարության եւ սարսափելի հաշվետվությունների: Մենակ թե գործը ստացվի եւ առաջ գնա։Բացի Հայաստանի իրականությունը բարելավելու եւ լուսավորելու պահանջից` այլ սահմանափակում չունենք ներկայացվող նախագծերի համար: Թեմաները կարող են լինել ՝ բալետից մինչեւ Բանգլադեշի հետ առեւտրի խթանումը, ծրագրավորումից մինչեւ հայաստանաբնակ մորեխների սեռական կյանքի ուսումնասիրությունը։ Մենակ թե օգտակար գործ լինի։ Նախագծերը կարող են լինել ծուռ եւ խելառոտ, բայց պարտադիր՝ իրատեսական»։
«Օսմ»-Երեւան հիմնադրամի հոգաբարձուները 40-ն են, դեկանները՝ Ալբերտ Պողոսյանը եւ Սամվել Մարտիրոսյանը:
«Օսմի» երեւանյան մասնաճյուղի դեկան Ալբերտ Պողոսյանից «Առավոտ»-ը հետաքրքրվեց, թե ե՞րբ է բացվել երեւանյան մասնաճյուղը եւ արդյոք արդեն կա՞ն հայտեր: Պարզվեց, որ Երեւանում «թույն» նախագծերի հիմնադրամը բացվել է տաս օր առաջ, եւ արդեն իսկ 23 հայտ է ներկայացված:
Առաջին դրամաշնորհը տրվելու է հոկտեմբերի 7-ին՝ հիմնադրամի խորհրդում անցկացվող քննարկումների եւ քվեարկության արդյունքում ընտրված հայտին: Հետաքրքրիր է, որ դիմել կարող են ե՛ւ անհատներ, եւ կազմակերպություններ, ե’ւ խմբեր, չկա որեւէ սահմանափակում: Պարոն Պողոսյանի տեղեկացմամբ՝ միակ սահմանափակումն այն է, որ հայտը կապ ունենա Հայաստանի հետ, լինի Հայաստանի համար: Դիմողները կարող են լինել նաեւ ոչ հայաստանցիներ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ