Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Ես որեւէ պիտակից չեմ վախենում»

Սեպտեմբեր 10,2013 20:40

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս կուսակցական ժողովում անդրադարձել էր Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշմանը եւ քաղաքագիտական վերլուծություն արել: Նա մտահոգություն հայտնեց, որ եթե առաջ իրենց արեւմտամետի պիտակ էին կպցնում, հիմա իշխանությունը փորձելու է «հակառուսի» պիտակ կպցնել:

Մաքսային միություն մտնելու որոշումը դատապարտող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք նման մտավախություն չունե՞ք, որ ձեզ էլ կփորձեն հակառուսի պիտակներ կպցնել: Նա պատասխանեց. «Հանրապետության»՛ համագումարում, 2003-ին, երբ ասացի, որ Հայաստանը պիտի կտրի պորտալարը ՌԴ-ից, արդեն սկսեցին պիտակել: Ես պիտակներից չեմ վախենում: Ցավոք, Հայաստանն աշխարհաքաղաքական խաղացող չէ, այս տարածաշրջանում հիմնական խաղացող գերտերությունները Արեւմուտքը եւ Ռուսաստանն են, մենք ստիպված ենք աշխարհաքաղաքական խաղացողների միջեւ ընտրություն կատարել: Ո՞ր ուղին անցնելով՝ կհասնենք բարեկեցության: Նրանք, ովքեր համարում են, որ Ղազախստանի, Բելառուսի, ՌԴ-ի նման պետք չի, որ իշխանություններն ընտրվեն, համաձայն են հետամնաց տնտեսության ու կոռուպցիայի գոյատեւման, թող գերադասեն Մաքսային միությունը: Ես հարգում եմ նրանց տեսակետը, բայց չեն կարող ընդունել: Ես գտնում եմ, որ Եվրոպան վերցրեց քրիստոնեության մեջ ամրագրված համամարդկային արժեքները եւ ներմուծեց քաղաքական դաշտ: Այսօր նրանց կենսամակարդակը ամենաբարձրն է՝ նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Այնտեղ է, որ երիտասարդը, կրթություն ստանալով՝ առաջընթաց է ունենում, այնտեղ է, որ գիտությունը զարգանում է, մարդը հարգված է»:

Մեր հարցին, թե ինչու՞ շատերը չեն քննադատում Մաքսային միություն մտնելու որոշումը, այլ քննադատում են որոշումն ընդունելու ձեւը, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ եթե հենց սկզբում Ասոցացման համաձայնագիրը ստանալով՝ Սերժ Սարգսյանը Պուտինի մոտ գնար, ասեր՝ ինձ սա է առաջարկվում, այսօրվա նրա որոշումն այդքան ամոթալի չէր լինի, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Վստահաբար ասում եմ, որ մենք քաղաքական քննարկումներ ենք նախաձեռնել այն ուժերի հետ, ովքեր ոչ միայն իրենց ծրագրերում գրել են, որ եվրաինտեգրման մեջ են տեսնում Հայաստանի զարգացումը, այլեւ պայքարում են դրա համար: Ամենակարեւորը քաղաքական որոշումն է, որովհետեւ տնտեսությունը զարգանում է ըստ քաղաքական նախապատվությունների: Ի վերջո, տնտեսագիտական որեւէ վերլուծություն վիճակ չի փոխելու, ցանկալին իրական չի դարձնելու: Մենք այսօր պիտի որոշենք՝ ի՞նչ ենք նախընտրում՝ դանդաղ ու անհեռանկար տարրալուծումը ասիական շահերի մեջ, թե՞ դժվար ու զարգացման ռեալ հեռանկարներ բերող եվրոպական ինտեգրումը: Այսօրվա քաղաքական որոշումը վերաբերում է նաեւ վաղվան: Ուշ-շուտ Հայաստանը գնալու է դեպի Եվրոպա, ափսոս է ժամանակ կորցնելը, որովհետեւ բացի ժամանակից մենք նաեւ մարդկանց ենք կորցնում, որ հեռանում են Հայաստանից ու շատերը չեն վերադառնալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30