Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նորից երկու ժամ ուշացումով սկսվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը:
Ի տարբերություն նախորդ դատական նիստի, այս անգամ ամբաստանյալին ճիշտ ժամին հասցրել էին Գյումրի, սպասում էին դատախազ Արմեն Մարուքյանին, ով մայրաքաղաքում մասնակցում էր Հարսանքարի գործով դատավարությանը: Դատը սկսվելուն պես դատավոր Մարտին Սարոյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկված 3 վկաները դարձյալ չեն ներկայացել դատարան:
Կարեն Եսայանի ամենամոտ ընկերը` Ռոման Ղարաքեշիշյանը սեպտեմբերի 3-ից գտնվում է Ծաղկաձորում, հանգստանում է, մյուս վկան`Էդգար Խաչատրյանը, այլևս Գյումրիում չի աշխատում, տեղափոխվել է Երևան, իսկ Օհաննա Մացոյանը տանը չի եղել, ոստիկանները չեն կարողացել նրան գտնել: Դատարան էր ներկայացել միայն Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Իսկանդարյանը: Դատավորը տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանից հարցրեց` կարո՞ղ են այսօր դիտել տեսաերիզները`առանց թվարկած վկաների մասնակցության:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, խոսքը ավտոլվացման կետից ու բենզալցակայանից առգրավված տեսաերիզների մասին է , որոնց հիման վրա էլ Հարություն Սարգսյանին կասկածում են սպանության մեջ: Անահիտ Իսկանդարյանի շահերը ներկայացնող փաստաբանները միանգամից առարկեցին` գտնելով, որ առանց դատակոչված վկաների հնարավոր չէ դրանք դիտել, ավելին, Վարդուհի Էլբակյանը առաջարկեց մեկ-երկու կադր դնել, որպեսզի Անահիտ Իսկանդարյանը կողմնորոշվի`դիտե՞լ է դրանք, թե՞ ոչ:
Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանն առարկեց` նշելով, որ դատարան ներկայացած ամեն մի վկայի հետ 15 անգամ չպիտի դիտեն նույն տեսաերիզը , չպիտի ամեն մեկի հետ նույն ապացույցները հետազոտեն: Նա նաև ասաց, որ մի քանի դատական նիստ հետաձգվում է վկաների չներկայանալու պատճառով, և որ ոստիկանների գործողությունները իրավաչափ չեն, ոստիկանությունը գործ չի անում: Ըստ Լուսինե Սահակյանի, բերման ենթարկել չի նշանակում գնալ այդ մարդկանց Գյումրու աշխատավայր, ոստիկանությունը պարտավոր է նրանց բերման ենթարկել Ծաղկաձորից, Երևանից:
Փաստաբանը նաև հայտարարեց, որ կդիմեն դատախազություն` ոստիկանության անգործությունը վիճարկելու համար: Դատավորը դատական նիստը հետաձգեց մինչև մայրաքաղաքից Գյումրի հասավ դատախազը: Վերջինս ևս ասաց, որ մեկ անգամ ևս միջոցներ պետք է ձեռնարկվի վկաներին դատարան բերելու: Սակայն սա դուր չեկավ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպաններին, ովքեր նշեցին, որ ոստիկանությունը 7 օր շարունակ անգործության է մատնվել , հիմա էլ օրը վերջանում է, ինչպե՞ս պիտի ոստիկանները հասցնեն մինչև վաղը ժամը 12-ը բերման ենթարկեն վկաներին: Դատը հետաձգվեց վաղը, դատարանը մեկ անգամ ևս բերման ենթարկելու որոշում կայացրեց այդ 3 վկաների մասով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ