ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը ` բանկի տնօրենների խորհրդում Հայաստանի ծրագրերի պատասխանատու Բհիմանտարա Վիդյաջալայի (Bhimantara Widyajala) գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման նախարարությունների եւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ:
Քննարկվեցին ԱԶԲ-ի հետ համագործակցությանը, բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: «Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարության խոշոր գործընկերներից է, մենք բանկի հետ ունենք համագործակցության մեծ փաթեթ եւ կարեւորում ենք ծրագրերի հաջող իրականացումը»,-նշեց փոխվարչապետը:
Կողմերն անդրադարձան «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրին` երկուստեք ընդգծելով նախանշված ժամկետներում աշխատանքների հաջող իրականացումը: Փոխվարչապետը նշեց, որ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նման մասշտաբային ճանապարհաշինական ծրագիր առաջին անգամ է կյանքի կոչվում, եւ հայկական կողմը շահագրգռված է ծրագրի հաջող իրականացմամբ:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարաման եւ ջրահեռացման ծրագրի ընթացքից: Առաջին ծրագիրն ավարտվել է, արդեն մեկնարկել է նմանատիպ երկրորդ ծրագիրը, որում ընդգրկված է 90 գյուղական եւ 18 քաղաքային համայնք:
Կարդացեք նաև
Բանկի աջակցությամբ իրականացվող մեկ այլ` կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում նախատեսվող ծրագրի հետ կապված նշվեց, որ արդեն մեկնարկել են առաջին արդյունքների հրապարակային քննարկումները, որից հետո կոնկերտ առաջարկություններ կներկայացվեն կառավարություն:
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ ՀՀ կառավարության եւ բանկի միջեւ համագործակցության եռամյա ծրագրի հաստատման, համագործակցության նոր` հնգամյա ռազմավարության մշակման հետ կապված հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին