Տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրական նախագծերը պարտադիր պետք է դրվեն հանրային քննարկման, որոնց շուրջ պետք է կազմակերպվեն հանրային լսումներ: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստից հետո ավագանին գումարեց արտահերթ նիստ, որտեղ քննարկվեց այս հարցը: Երեւանի ավագանին հարցն ընդունեց միաձայն:
«Բարեւ Երեւան»-ի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց, թե այսուհետ այս կամ այն հարցով ակտիվ քաղաքացիները կարո՞ղ են մասնակցել այդ քննարկումներին եւ ինչու չէ նաեւ ավագանու նիստերին, հարցը զեկուցող Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության ղեկավար Զավեն Առաքելյանն ասաց. «Ըստ անհրաժեշտության, քաղաքապետի կողմից կամ խմբակցության ղեկավարների կողմից, նախապես համաձայնեցնելուց հետո, շահագրգիռ անձինք, որոնք կարող են եւ ելույթներ ունենալ, եթե դրա կարիքը լինի կամ նիստը վարողը դրա նպատակահարմարությունը գտնի, որովհետեւ այս կանոնակարգով բոլոր խնդիրների լուծումները, ոնց որ թե տրված են»:
Այսօր ավագանու նիստին մասնակցելու ցանկություն էին հայտնել քաղաքապետարանի առաջ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ ակտիվիստներ, որոնց սակայն ոստիկանությունը թույլ չտվեց, նույնիսկ, քաղաքապետարանի աստիճաններին մոտենալ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ