Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորներ. «Դեռ 1992-ին ենք ԱՊՀ մտել»

Սեպտեմբեր 10,2013 19:11

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ընդդիմությունից ելույթ ունեցան վեց պատգամավորներ՝ Լեւոն Զուրաբյանը (ՀԱԿ), Արամ Մանուկյանը (ՀԱԿ), Ստեփան Դեմիրճյանը (ՀԱԿ), Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն») եւ Խաչատուր Քոքոբելյանը («Ժառանգություն»), Թեւան Պողոսյանը («Ժառանգություն»): «Ժառանգության» երեք պատգամավորներն էլ անդրադարձան Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, եւ նրանցից առնվազն երկուսը՝ Խաչատուր Քոքոբելյանն ու Թեւան Պողոսյանը, իրենց մերժողական վերաբերմունքը հայտնեցին այդ որոշմանը: ՀԱԿ խմբակցությունից Մաքսային միությանը միանալուն անդրադարձավ միայն Արամ Մանուկյանը, այն էլ՝ հընթացս, եւ առանց որեւէ դիրքորոշում հայտնելու:

Սակայն ՀՀԿ խմբակցությունը, թերեւս, ավելի ուժեղ ալիքի էր նախապատրաստվել, որովհետեւ «հակընդդեմ»՝ Մաքսային միությանը միանալը գովերգող կամ առնվազն արդարացնող հայտարարություններով հանդես եկավ կոալիցիոն ծանր հրետանին՝ հանձին՝ Էդուարդ Շարմազանովի, Կարեն Ավագյանի, Հայկ Բաբուխանյանի, Սամվել Ֆարմանյանի, Մարգարիտ Եսայանի, Արտաշես Գեղամյանի, Մհեր Շահգելդյանի եւ այլն:

Եթե Շարմազանովը, Ավագյանը, Եսայանը հիշեցնում էին, որ ՀՀ կողմնորոշումը դեպի Ռուսաստան եւ ԱՊՀ՝ սկսվել է  1992 թվականից եւ տարբեր աստիճանի «կսմիթներով» ընդդիմադիր գործընկերներին կոչ էին անում «շոկի մեջ ընկնելու» ձեւեր չթափել, ապա Բաբուխանյանը ՍԻՄ կուսակցության անունից հայտարարեց, որ Եվրասիական միության հարթակն ավելի մոտ ու հարազատ է «մեզ», քան «օտարածին եվրոպական արժեքները»: Նա նույնիսկ հիշեց Գյուլիստանի պայմանագիրը, որպես մեծ ձեռքբերում ներկայացնելով, թե ինչպես պատմական հայկական որոշ տարածքներ Պարսկաստանի տիրապետությունից անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Իսկ Արտաշես Գեղամյանը սարսափ ֆիլմի սյուժեով ներկայացնում ու պատմում էր, թե ինչ դավեր են նյութում Հայաստանի դեմ «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան» եւ «թյուրքալեզու պետությունները», հասկացնելով, որ միակ փրկությունը Ռուսաստանի «փեշը բռնելն է»:

Սամվել Ֆարմանյանը, ողջունելով Մաքսային միությանը միանալը, մի վերապահում արեց՝ անդրադարձավ Պուտինի խորհրդական Գլազեւի սկանդալային հայտարարությանը, որում այդ չինովնիկը Հայաստանը համեմատել էր ՌԴ Կալինինգրադի մարզի հետ: Պարոն Ֆարմանյանի կարծիքով նման հայտարարությունները վնաս են հասցնում հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությանը, եւ այդ Գլազեւը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ ազգային արժանապատվությունը խոցելու համար:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30