Լրատվամիջոցներում լուրեր եղան, թե ոստիկանները ծեծել են բողոքավոր անձանց: Ծեծը քրեական օրենսգրքով քրեորեն հետապնդելի արարք է որակված: Չեմ կարծում, թե ոստիկանին հրապուրում է ծեծի համար հետապնդվելու հեռանկարը, բայց գիտեմ, թե ինչու է ոստիկանը ծեծում բողոքավորին:
Վերցնենք սովորական ոստիկան` էն որ բարձր պաշտոն չունի, էն որ բողոքավոր զանգվածի հետ շփման առաջին գծում է միշտ, էն որ աշխատավարձից զատ այլ եկամուտ չունի, էն որ շատ-շատերի նման բակի խանութից պարտքով` «նիսյա» պարեն է վերցնում` աշխատավարձին գումարը տալու պայմանով:
Սույն ոստիկանին վերեւները տեսախցիկ են տալիս ու ասում՝ նկարիր բողոքավորներին: Սրա նման մի քանի սովորական ոստիկանի են տեսախցիկ տալիս: Աշխատավարձով ապրող ոստիկանը գիտի, որ իրեն նկարում են ու եթե վերեւներին մի բան դուր չգա` կա աշխատանք` եկամուտ կորցնելու վտանգ: `
Աշխատավարձով ապրող ոստիկանը հաստատ կուզեր, որ մենք ապրեինք Դանիայի կամ Շվեդիայի ու Ֆինլանդիայի բնակիչների նման բարեկեցիկ, գիտի նաեւ, թե ում անօրեն բարեկեցությունն ու չփակվող ախորժակն են դրան խանգարում: Այստեղ է, որ գործում է «Ուժը էշին չի պատում, փալանին է ծեծում» քիչ կոպիտ, բայց դիպուկ ժողովրդական ասացվածքը:
Կարդացեք նաև
Ուրիշի չփակվող ախորժակից տուժող ոստիկանը ծեծում է նրան, ում հետ հոգու խորքում համաձայն է, ում կողքը կկանգներ, եթե չլիներ եկամտի միակ աղբյուրը կորցնելու իրական վտանգը: Ծեծում է, քանի որ ուղղակի եւ անուղղակի իմաստով չի կարող ծեծել չփակվող ախորժակով իրական մեղավորին: Ու ծեծում է նրան, ով ուրիշի ախորժակի չփակվելու մեջ մեղք ունի այնքան, որքան ինքը` ոստիկանը:
Ոչ մի օրենքով ու կարգով ոստիկանը իրավունք չունի ծեծել խաղաղ (ԽԱՂԱՂ) ցուցարարին, բայց ոչ մի օրենք ու կարգ ոստիկանին չի արգելում թեկուզ հոգու խորքում դժգոհել մի քանիսի անօրենի բարեկեցությունից ու չփակվող ախորժակից, որի արդյունքում ինքն ու իր նմանները չունեն Դանիայի կամ Շվեդիայի ու Ֆինլանդիայի բնակիչների բարեկեցությունը: Արդյունքում ծեծում են խաղաղ (ԽԱՂԱՂ) ցուցարարին, սովորական ոստիկանը մնում է սովորական ոստիկան, իսկ մենք չենք ունենում Դանիայի կամ Շվեդիայի ու Ֆինլանդիայի բնակիչների բարեկեցությունը:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ