Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Ինչո՞ւ ժամանակին, երբ Հայաստանը մտնում էր ԱՊՀ և ՀԱՊԿ, նման աղմուկ չփորձեցին բարձրացնել»

Սեպտեմբեր 10,2013 18:29

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

 

Մաքսային միությանն անդամակցելու լուրը, չգիտես ինչու, անհանգստացրել է որոշ քաղաքական ուժերի։ Նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին քննադատում էին Հայաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այսօր էլ սկսել են դեմ արտահայտվել Մաքսային միությանն անդամագրվելու  որոշմանը։ Մաքսային միությանը միանալու որոշման դեմ սկսել են խոսել անգամ նրանք, ովքեր երբևէ դիրքորոշում չեն ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի առնչությամբ։ Էլ չեմ ասում, որ ծիծաղ են առաջացնում որոշ կուսակցությունների սուր հայտարարությունները, ում բոլորը որպես ռուսամետ են ճանաչում։ Այսքան մեծ «աղմուկ» հանած որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ուղղակի տրված հարցին՝ հիմա սա լավ է, թե վատ, հիմնականում չունեն պատասխան։

Մի խոսքով, ընդդիմախոսների պակաս չկա, միայն թե ընդդիմախոսությունը շատ դեպքերում հեռու է տրամաբանական լինելուց, սրտացավությունից և երկրի նկատմամբ մտահոգությունից։

Հրապարակային քաղաքականության մեջ հաճախ չեն երևում այն գործընթացները, տևական բանակցությունները, որոնք տարվում են կողմերի միջև։ Մեծ քաղաքականությունը պոպուլիզմի տեղ չէ, այստեղ պետք է գործել մի քանի քայլ առաջ տեսնելու, բարդ հաշվարկների և այդ ամենի մեջ սեփական շահը գերադասելու նկատառումով։ Եվ սա հատկապես կարևոր է այն պարագայում, երբ աշխարհը կանգնած է անվտանգության լրջագույն մարտահրավերների առաջ։ Հարցադրումներ են հնչում, թե ինչու չի քննարկվել ընդունված որոշումն այս կամ այն պետական կառույցում։ Ուզում եմ հիշեցնել, որ այս տարիների ընթացքում հենց հանրապետության նախագահն է որդեգրել քաղաքական ուժերի հետ քննարկումների պրակտիկան։ Միանգամից նշեմ, որ հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդում։

Հարց է առաջանում. այդ ինչո՞ւ ժամանակին, երբ Հայաստանը մտնում էր ԱՊՀ և ՀԱՊԿ, նման աղմուկ չփորձեցին բարձրացնել, ինչի այն ժամանակ քննարկե՞լ էին, թե՞ էլի ուզում ենք օգտվել կրկնակի ստանդարտներից։ Ի՞նչ է ստացվում. անվտանգության հարցերով կարելի է վստահել Ռուսաստանին, բայց տնտեսական հարցերով՝ ո՞չ։

Մաքսային միությանն անդամակցումը բխում է մեր երկրի շահերից։ Ընդ որում, ընդունված որոշումը որևէ նոր բան չի ասում. Հայաստանը վաղուց ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, Ռուսաստանը Հայաստանում ամենամեծ ներդրողն է։ Եկեք լինենք իրատես և խոստովանենք, որ հայկական ապրանքներն օբյեկտիվորեն մրցունակ չեն կարող լինել Եվրոպայում գոնե առաջիկա 10-15 տարվա ընթացքում։

Ժամանակակից աշխարհում անվտանգությունն առաջնահերթություն է, ինչին շատ երկրներ հասնում են համատեղ ջանքերով։ Հայաստանը, որդեգրելով Մաքսային միության ճանապարհը, չի հրաժարվում եվրամերձեցման քաղաքականությունից և գործընթացներից։ Պաշտոնական Երևանն արդեն հայտարարել է Ասոցացման պայմանագիրը նախաստորագրելու պատրաստակամության մասին։ Հայաստանի համար թանկ են եվրոպական արժեքները, քաղաքացիական հասարակության եվրոպական մոդելը, այն բարեփոխումները, որ մինչ այժմ իրականացվել են եվրոպական կողմի աջակցությամբ։ Եվ եվրոպացի պաշտոնյաները կարծես առարկություն չունեն։ Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ պատրաստակամ են լսել ու հասկանալ Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի համատեղելիության հարցում Հայաստանի պատկերացումները։ Սա հուշում է, որ Եվրոպան ծրագրեր ունի մեր տարածաշրջանում, որում մեծ է նաև Հայաստանի դերը։

Մնում է մի բան. վերականգնողական բժշկությունը այնքան զարգանա, որ քաղաքական ագոնիայի մեջ գտնվող կուսակցությունները իրենց վերակենդանացումը չկապեն նման գործընթացների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հետաքրքիր է, սա ո՞ր տաշտակից է օգտվում, և ի՞նչ չափերի:

  2. Րիտա says:

    Դե այդ ժամանակ Վազգեն Սարգսյանն էր իսկ հետո Անդրանիկ Մարգարյանը իսկ հիմա ……..

    Փոխանակ մտածի մի բան անի որ տնտեսությունը զարգացնելով տնտեսական աճ ապահովի գնացել ա Չինաստան փող մուրալու: Պապիկս կասեր ախր “ԱՅ ԲԱԼԱՄ” հիմա ես ասեմ ԱԽՐ ԱՅ ԲԱԼԱՄ վարչապետը պետքա բիզնեսմենի դուխ ու ոգի ունենա այլ ոչ այլ երկրներից փող մուրացող լինի: Կարծում եմ ԲՆ նախարարը կամ Կարեն Կարապետյանը որպես բիզնեսմեն շատ ավելի լավ վարչապետ կաշխատեին քան ներկայինս!!!! Արտագաղթի քանակին նաեք ու երկիրը մուրացող երկիր մի սարքեք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30