Հայաստանը կանգնած է պատասխանատու և պատմական ընտրության առջև. խոսքը վերաբերում է Եվրոմիության ասոցացման համաձայնագրի նախաստորագրելու և Մաքսային միությանը միանալու հարցին: Մի կողմ թողնելով բանակցությունների ընթացքում Հայաստանի իշխանությունների քաղաքականապես անհասկանալի, իրարամերժ և հակասական կեցվածքը, որն առանձին քննարկման թեմա է, ուզում եմ անդրադառնալ խնդրի բուն էությանը:
Արևմուտքը լավագույնս գիտակցում է, որ եվրոկառույցներ ինտեգրելով տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական դաշնակցին` նա թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում` ժամանակի և տարածության մեջ ունենալով հեռահար այլ նպատակներ: Ռուսաստանը նույնպես գիտակցում է պահի լրջությունը և Հայաստանը եվրոպական կառույցներին ընտեգրվելով` նա վաղ թե ուշ կորցնելու է իր ազդեցությունը հարավային կովկասում` նկատի ունենալով անդրկովկասյան մյուս երկու հանրապետությունների հետ բարդ և ոչ կայուն հարաբերությունները: Այս երկու ուժային կենտրոններից որևէ մեկին Հայաստանի միանալը ունի բարձր գին և բացառիկ քաղաքական նշանակություն: Մենք, որպես ինքնիշխան պետություն, պարտավոր ենք կռվախնձոր չդառնալ ուժային կենտրոնների միջև, չենթարկվել ճնշումների կամ սին խոստումների և առաջնորդվել համազգային և պետական շահի հստակ գիտակցումով: Իսկ դա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հարցն է, որը պայմնավորված է Արցախի պետկանության ճանաչումով:
Եվրոմիության անդամ պետությունների գերակշիռ մասը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, և դա այն դեպքում, երբ Արցախը, որպես վարչատարածքային անկախ պետական միավոր, ավելի կայացած է, քան ինքը` Կոսովոն, ինչը չեն ժխտում Եվրոպայում: Արևմուտքը համառորեն աչք է փակում այս կայացած փաստի վրա: Նույն պատկերը տեսնում ենք մեր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի դեպքում: Ամենատարբեր պատրվակներ վկայակոչելով` Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հրվ. Օսիայի անկախությունը, և դա այն դեպքում, որ, ով-ով, բայց Ռուսաստանը լավագույնս տեղյակ է, որ ԼՂՀ-ն, որպես անկախ պետական կազմավորում, շատ ավելի կայացած և կազմակերպված է, քան նշված երկու նորաստեղծ հանրապետությունները: Երկու դեպքերում էլ ակնհայտ է երկակի ստանդարտի առկայությունը և ուժային կենտրոններն էլ ստույգ գիտեն, որ որևէ պետության ազգային անվտանգության ապահովման հիմնական երաշխիքը տվյալ պետության միջազգային իրավունքի սուբյեկտ լինելն է: Այլ խոսքով` այս դեպքում ԼՂՀ-ի ճանաչումը:
Կարծում եմ, որ Հայաստանի` այս երկու այլանսներից որևէ մեկին միանալը պետք է պայմանավորի ուղղակի ԼՂՀ-ի անկախության ճանաչման գործոնով և դա պետք է արվի միջազգային հանրության համար հրապարակային, փաստարկված, և որ ամենակարևորն է, արժանապատիվ կեցվածքով: Եվ չպետք է շտապել որևէ կառույցի միանալ, քանի դեռ ակնհայտ չէ մեր ազգային անվտանգության համար այս կարևորագույն հարցի լուծումը: Այդ ուժային կենտորնները պետք է հասկանան, որ մեր ազգի և պետության ազգային անվտանգության խնդիրը լուծվում է ոչ թե սմերչներով կամ չինական ինչ-որ հեռահար մասսայական ոչնչացման զենքեր ունենալու փաստով, այլ` ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալով: Ասել է թե` Արցախի անկախության ճանաչումով և կարծում եմ՝ սա պետք է լինի մեր իշխանությունների կողմից բանակցությունների սեղանին դրված հիմնական պահանջ-առաջարկությունը: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր, նախընտրելի է այն միավորը, որն իրական քայլեր կձեռնարկի Արցախի անկախությունը ճանաչելու համար: