ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Հարգելի խորհրդարան,
Քաղաքական աշունը մեկնարկել է հետաքրքիր եւ բուռն զարգացումներով, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում: Ուշադրության է արժանի սեպտեմբեի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կարելի է արդյունավետ որակել դաշնակից երկու պետությունների համար:
Կարդացեք նաև
Առաջին, կողմերը հայտարարեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես քաղաքական լուծում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Սա նշանակում է, որ հարեւան Ադրբեջանի եւ նրա ավագ եղբայր Թուրքիայի՝ խնդրի լուծման այլընտրանքային, այդ թվում` ռազմական նկրտումները հօդս են ցնդում:
Երկրորդ, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին արդիականացնելու եւ դիվերսիֆիկացնելու թե՛ երկրի տնտեսությունը եւ թե՛ էներգետիկ անվտանգության համակարգը: Այս խնդիրը հավելյալ կարեւորություն է ստանում հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների համատեքստում:
Եվ երրորդ, երկու դաշնակից պետությունները պատրաստակամություն հայտնեցին մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցություն ծավալելու, մասնավորապես, հայկական կողմը քաղաքական հայտարարությամբ ազդարարեց, որ պատրաստ է միանալու Մաքսային միությանը, որը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի մեր երկրի արտադրողին:
Ավելին` այս հայտարարության համատեքստում հստակ նշվեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու իր քաղաքական երկխոսությունը Եվրոպայի հետ: Սակայն արի ու տես, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը, չգիտես ինչու, ոմանց համար դարձավ ամպրոպ անամպ երկնքում: Սկսեցին շրջանառվել ամենատարբեր կարծիքներ, հասարակությունը արհեստականորեն բաժանվեց ռուսամետների եւ արեւմտամետների:
Հարգելի խորհրդարան,
Հայաստանի ժողովուդն իր ընտրությունը կատարել է դեռեւս 1991-ի սեպտեմբեի 21-ին՝ բռնելով անկախ պետականության ուղին: Պետական շահի գերակայությունից ելնելով` տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները խորացրել են հարաբերությունները մեր ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի հետ՝ միեւնույն ժամանակ զարգացնելով երկխոսությունը եվրոպացի եւ այլ գործընկերների հետ:
Կարծում եմ՝ նրանք, ովքեր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում փորձում են վերջակետ դնել, մեղմ ասած, սխալվում են, քանզի եվրասիական եւ եվրոպական տնտեսական ինտեգրման գործընթացները մենք դիտարկում ենք որպես փոխլրացնող: Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ եւ հետամուտ լինելու բարեփոխումների իրականացմանը:
Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ ամենեւին կարիք չկա մութ սենյակում սեւ կատու փնտրել, երբ կատուն այնտեղ չէ:
Շնորհակալություն ուշադրության համար: