Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի բնակիչները՝ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի գործով կայացրած որոշման մասին

Սեպտեմբեր 10,2013 18:16

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հայտարարության համաձայն, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Սյունեցիներից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունեն այս որոշման մասին, քանի որ նրանք այս ժամանակահատվածում հետեւում էին գործի ամբողջ ընթացքին: Մեր հարցումների մասնակիցները հիմնականում բացասական են արտահայտվել եւ քննադատաբար մոտեցել կայացրած որոշմանը:

Շատերը նշեցին, որ անակնկալի չեն եկել եւ նման եզրահանգման էլ սպասում էին, բայց արդարացի չեն համարում գործի նման հանգուցալուծումը: «Զարմանալու բան չեմ տեսնում: Գործն ի սկզբանե այնպես էր տարվում, որ պարզ էր թե ինչ է տեղի ունենալու», – իր կարծիքն հայտնեց Սյունիքի մարզի բնակիչ Սամվելն, ով մշտապես հետեւում էր գործի ընթացքին:

 «Այն, ինչ կատարվում է արդարադատության ոլորտում, նորմալ մարդու գիտակցության մեջ չի տեղավորվում, գնալով մեծանում է անարխիան ու զոռբայությունը: Ցավում եմ, որ Հայաստանում չկա արդարություն: Այս Հայաստանում օրենքի գերակայությունը միայն հանցագործների ձեռքում է», – նման կարծիք  հայտնեց Կապանի բնակիչ Մհեր Միրզոյանը:

Սյունիքում գործող «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը անդրադառնալով խնդրին նշեց, որ իր համար ի  սկզբանե ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում զոհել Սուրեն Խաչատրյանին, հանուն արդարության եւ կամայականությունների սանձահարման, քանի որ նա համարվում է ռեժիմի հենասյուններից մեկը եւ նրան պատժելը ազդակ կլիներ իշխանությունը ստանձնած հարուստ քրեական անցյալ ունեցող այլ իշխանավորների համար:

«Ես չեմ տիրապետում գործի մանրամասներին եւ իրավաբան չեմ, բայց ակնհայտ է, որ անպատժելիության մթնոլորտն է ծնում նոր հանցագործություններ և հասարակությունը պարբերաբար նմանատիպ դեպքերի ականատեսն է լինում: Գորիսում տեղի ունեցած արյունալի դեպքերից օրեր անց, երբ զինդատախազը ներկայացրեց իր դիրքորոշումը և քննչական մարմինների այդ պահի դրությամբ բացահայտումները, արդեն իսկ գործի ելքը կանխատեսելի էր: Բավական է թերևս մի դրվագ, երբ զինդատախազը ասաց, որ Սուրեն Խաչատրյանի առանձնատանը հայտնաբերվել է զենք-զինամթերք, բայց դեռ պարզ չէ, այն օրինական է, թե ոչ: Այն ինչ, այդ ամենը կարելի էր պարզել րոպեների ընթացքում` պահանջելով զենք-զինամթերք ունենալու իրավունքը հավաստող փաստաթղթերը: Միամտություն կլիներ կարծել, որ քննչական մարմինները ինչ-որ քննչական գործառույթներ են իրականացնում` պարզելու իրականությունը եւ կարծես նման գործընթացները Հայաստանում հանցագործությունները կոծկելու արարողություն են հիշեցնում, որին ոչ ոք չի հավատում: Իրականությունը հաստատում է Հայաստանում առկա քրեաօլիգարխիկ համակարգի իսկությունը եւ այն փոխելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ», – հավելեց նա:

Իրավաբան Էդգար Հովհաննիսյանը կարծում է, որ անհրաժեշտ է սթափ մոտենալ խնդրին, համբերությամբ սպասել տեղի ունեցածի վերաբերյալ իրավական գնահատականներին, որից հետո միայն որեւէ բանի հետ չհամաձայնվելու դեպքում այդ ամենին արձագանքել, քանի որ, ըստ նրա, տեղի ունեցածը պարզապես մի քանի մարդու կամ ընտանիքի շրջանակներից վաղուց է դուրս  եկել եւ հասարակական լայն հնչեղություն է ստացել:

«Այդ որոշումը հաճելի է մեզ, թե՝ տհաճ, փաստ է…:  Տվյալ գործով մյուս կողմի փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկելու է այդ որոշումը ու քանի դեռ իրավական դաշտում սպառված չէ այդ հնարավորությունը, թերեւս ավելորդ եմ համարում անհարկի շահարկումների առարկա դարձնել այս թեման, առավելեւս, որ մեզանից ոչ մեկ գործի հանգամանքներին, ըստ էության, ծանոթ չէ, ու տեղեկություն ենք ստացել միայն մամուլից…: Ցավալի է, որ մահացու ելքով միջադեպի մասին է խոսքը, բայց ունենք այն ինչ ունենք…ես էլ նմանատիպ դեպքերի եմ հանդիպում իմ աշխատանքում  ու պատահում է նաեւ, որ համաձայն չեմ լինում կայացվածի հետ, բայց նախ եւ առաջ փորձում եմ իրավական հարթության մեջ փնտրել խնդրի լուծումը, նոր միայն փորձել արձագանքել դրան որպես հասարակ քաղաքացի», – նշեց Էդգարը: Բնակիչներից ոմանք խուսափեցին իրենց գնահատականը տալ եւ կարծիք հայտնել կատարվածի վերաբերյալ:

«Չեմ կարող օբյեկտիվ գնահատական տալ, որովհետեւ մանրամասներ չգիտեմ, ինձ թվում է անկախ կրիմինալիստ պիտի աշխատեր, որպեսզի օբյեկտիվ գնահատական տար: Եթե Սյունիքի մարզպետի թիկնապահն ու տղան իրոք անմեղ են, մեկ ա ժողովուրդը եւ մամուլն իմանալով Սուրեն Խաչատրյանի ով լինելը քննադատելու է ու բացասական վերաբերվի խնդրին…: Եթե նրա տեղը մեկ ուրիշ բանվոր լիներ՝ հաստատ հակառակը կասեին», – ասաց Սյունիքում ապրող բնակիչներից մեկն, ով չցանկացավ ներկայանալ:

«էսօր մեր կյանքում ամենուր շատ է շրջանառվում, որ անպատժելիության մթնոլորտ է տիրում ամեն տեղ: Ստեղծվել է էնպիսի մի վիճակ, որ հայրենասերի ոգի ունեցող երիտասարդը հիասթափվում ա էս վիճակից…: Եթե էսօր մի անմեղ վարորդ, որ չունի փող ու «մեջք», մեկին մեքենայով վրաերթի ենթարկի ոչ իր մեղքով (հեռու բոլորիցս), կդատեն ու մարդու կյանքը կկործանեն, իսկ եթե ունես փող ու լավ դիրք՝ «խնդիր չունես»: Բայց էս ամենից տուժողները իրենք են եւ ուրիշ ոչ ոք: Հարգարժան պարոնայք, ժամանակն է երկար մտածելու: Ձեզանից հետո ձեզ հիշելու են….. », -ասաց մարզկենտրոնի բնակչուհի Կարինեն:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30