Այսօր ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջին շրջանում իշխանությունների կողմից քաղաքացիական շարժումների ակտիվիստների հանդեպ ծավալված բռնություններին՝ «ռեժիմը դիմում է խաղաղ ցույցերը ճնշելու ամենաստոր մեթոդներին», եւ մեկ առ մեկ թվարկելով ոստիկանների կամ «անհայտ անձանց» կողմից բռնարարքների ենթարկված ակտիվիստների անունները, իշխանություններին կոչ արեց՝ «Սթափվե՛ք»:
Նա նաեւ իշխանություններին առաջարկեց հասկանալ, որ այդ բռնարարքներով նրանք նմանվում են Հայիթիի դիկտատոր Ֆրանսուա Դյուվալյեին, որը «տոնտոն մակուտներ» (թարգմանաբար՝ «Մեշոկ քեռի»-Մ.Բ.) անունով հայտնի իր պատժիչ գվարդիայով ճնշում եւ ահաբեկում էր իր այլախոհներին: «Անցնելով նման ստոր մեթոդների՝ դուք ինքներդ ցույց եք տալիս, որ որպես իշխանություն՝ այլեւս սպառված եք»,-եզրափակեց Լ.Զուրաբյանը:
Մելանյա Բարսեղյան