Վերջին օրերին Հայաստանում հիմնական քննարկվող հարցը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունն է, համաձայն որի ՀՀ–ն մտադրված է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր դատապարտող հայտարարությամբ արդեն իսկ հանդես է եկել: Ոզում եմ ընդգծել, որ բոլոր նրանք, ովքեր առաջնային են համարում Հայաստանի Հանրապետության շահն ու հետագա զարգացման կարևորությունը, պետք է հստակ գիտակցեն, որ ՀՀ իշխանությունների նման քայլը, միգուցե պարտադրված, բայց վտանգում և հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։
Մենք այս գործընթացը գնահատում ենք իբրև հակասահմանադրական քայլ, քանզի եթե մանրամասնորեն ծանոթանանք Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին և դրա գործունեությունն ապահովող հիմնական մարմիններին տրված լիազորություններին, ապա մեր այս պնդումը առավել ակնհայտ կդառնա: Մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության և Մաքսային միության կարևորագույն մարմիններից մեկը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է՝ միասնական, մշտական գործող կարգավորող մարմին: Այս հանձնաժողովն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ, այն անդամ պետություններից որևէ մեկի կառավարությանը չի ենթարկվում և այս հանձնաժողովի որոշումները կատարման համար պարտադիր են անդամ պետությունների տարածքում: Այս հանձնաժողովը կարգավորում է մաքսատուրքերի չափը, իրականացնում է մաքսային վարչարարություն և տեխնիկական կարգավորումներ: Սահմանում է անդամ պետությունների առևտրային կարգը երրորդ պետությունների հետ:
Իր ադեցությունն ունի անդամ պետությունների էներգետիկ, մակրոտնտեսական, արժութային քաղաքականության մշակման վրա: Կարգավորող դերակատարություն ունի նաև անդամ պետությունների ֆինանսական շուկայում՝ մասնավորապես բանկային, ապահովագրական, արժույթի և արժեթղթերի ոլորտում:
Կարդացեք նաև
Կարծում ենք, այս ամենից հետո ակնհայտ է դառնում, թե ինչպես է Մաքսային՝ հետագայում էլ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու պարագայում սահմանափակվելու ՀՀ ինքնիշխանությունը, մեր պետությունը դնելով ուղղակիորեն կախվածության մեջ մեկ այլ երկրից, հետևաբար հակասելով նաև ՀՀ մայր օրենքին՝ Սահմանադրությանը:
Ուզում եմ փաստել, որ ՀՀ Սահմանադրությունը վերպետական որևէ մարմնի գոյություն ՀՀ-ի նկատմամբ չի նախատեսում, ընդհակառակը՝ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114–րդ հոդվածի համաձայն` «Սահմանադրության 1–ին, 2–րդ և 114–րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։
Եւ վերջում՝ երբ խոսք է գնում Ռուսաստանի հետ դաշնակցային գործընկերության պարտականությունների իրականացման մասին, ինչպես նաև շահարկվում է ՀՀ և ԼՂՀ անվտնագության հարցը, ապա ինչո՞ւ ենք մենք շրջանցում տակավին վերջերս մեր ռազմավարական գործընկերոջ կողմից այդ պարտականությունների խախտման աղմկահարույց դեպքը: Խոսքը ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի կողմից մոտ 4 մլրդ դոլարի հարձակողական նշանակության սպառազինության վաճառքն է Ադբեջանին: պարզ է, որ այդ զենքը ուղղված է Լեռնային Ղարաբաղի և ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի դեմ: Մինչդեռ, 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար: Ցավով եմ արձանագրում, որ այս հարցը պետական մակարդակով արձագանք չգտավ:
Այս օրինակն էլ բավական է, հասկանալու համար, որ ավելի մեծ հարված ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, քան Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերի թուլացումն է, հնարավոր չէ պատկերացնել:
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամենամեծ երաշխիքը կենսունակ և զարգացող պետություն ունենալն է։
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
10.09.2013թ.
ք. Երևան