Այսօր ՍԴՀԿ-ի 20-րդ համագումարն սկսվեց օրհներգով, կուսակցական հիմնով ու Տերունական աղոթքով:
Համագումարի առիթով իր ուղերձն էր հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ այդ ուղերձի, շատ բարձր է գնահատվում ՍԴՀԿ-ի պես ավանդական կուսակցությունների դերը. «Անկախ Հայաստանի համար շատ բարդ կլիներ տարբեր երկրներում մեր խնդիրները ներկայացնելը եւ այդ առումով ՍԴՀԿ-ի դերն անուրանալի է»:
Համագումարին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի խոսքերով՝ «Հայաստանյան կառույցը լուրջ ցնցումներ ապրեցավ: Կուսակցությունը շարունակեց իր հաստատ խոսքն ըսել հայաստանյան քաղաքական կյանքեն ներս: Խստորեն քննադատեցինք ու ընդդիմացանք հայ-թուրքական արձանագրություններում եւ մենք ճիշտ էինք: Մեր կուսակցության իրավիճակը դեռ հեռու է բավարար լինելուն, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ»:
Լրագրողների հետ զրույցում ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Հակոբ Տիգրանյանը հարցին, թե ո՞րն է իրական ՍԴՀԿ-ն եւ արդյոք քննարկելո՞ւ են Լյուդմիլա Սարգսյանի հետ կապված խնդիրները՝ պատասխանեց, որ ՍԴՀԿ-ն մեկն է՝ Գեւորգ Պերկուպերկյանինը. «Դա դատական պրոցեսի մեջ է դեռ»:
Aravot.am-ը նաեւ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեց՝ ա՞յս ՍԴՀԿ-ն եք համարում իրական, որովհետեւ Լյուդմիլա Սարգսյանն ասում է, որ ինքն է ՍԴՀԿ ատենապետը: Նա պատասխանեց, որ այս ՍԴՀԿ-ն է իրականը, իսկ երբ այն կար, Լյուդմիլան հայտնի չէ որտեղ էր:
Հրանտ Մարգարյանը նաեւ վստահեցրեց, որ ՀՅԴ-ն չի փոխում իր քաղաքական կուրսը եւ ընդդիմադիրից չի դառնում իշխանամետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ