Հայաստանի թատերական գործիչների միությունում սեպտեմբերի 10-26-ը ներկայացվում է Դերասանի տան բեմում իրականացված վերջին շրջանի մի քանի ներկայացումների ցուցադրություններ:
ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանի փոխանցմամբ` շուրջ 5 տարվա ընթացքում` 35 ներկայացումներ են ունեցել, որոնք սկզբնական շրջանում իրականացվել են հեռուստամարաթոնին հավաքված գումարի եւ սեփական բյուջեի շնորհիվ` նշելով, որ այդ գումարները սպառվելու հետեւանքով վերջին երկու տարիներին բեմը բաց է եղել բոլոր նրանց առջեւ, ովքեր ցանկություն են ունեցել ներկայացումներ բեմադրելու. «Ներկայացումներից հինգը «Արտավազդ» մրցանակի են արժանացել, որը վկայում է այն մասին, որ մեր այս տարիների աշխատանքն իզուր չի անցել:
ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանն էլ (լուսանկարում) նկատեց, որ Դերասանի տան բեմն այն եզակիներից է, որը հնարավորություն է տալիս բոլորին կյանքի կոչել իրենց ներկայացումները` նշանակություն չտալով բեմի փոքր լինելը, ինչպես ինքն է ասում. «Փոքր եկեղեցիներում էլ են մեծ պատարագներ տալիս: Ընդհակառակը` առավելություն է, քանի որ չես կարող 100 մետր հեռավորության վրա խաբել հանդիսատեսին` այստեղ կա’մ հաղթում ես, կա՛մ պարտվում»,-ընդգծեց արտիստը:
Վերջինիս «Խոստովանություն» մոնոդրամայով կբացվի միջոցառումների շարքը:
Հիշեցնենք, որ միջոցառումների սկիզբը ժամը 19:00-ին է, իսկ մուտքն՝ անվճար:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ