Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց դատական վիճաբանությունների փուլը:
«Հարսնաքարի գործով» մեղադրական ճառով հանդես եկած մեղադրողը, Շենգավիթ համայնքի դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ պաշտպանական կողմի մարտավարությանը, մասնավորապես, ամբաստանյալների գործողություններին, ցուցմունքներին, ասելով, թե ամբաստանյալները արժանահավատ ցուցմունքներ չեն տվել, խուսափել են քրեական պատասխանատվությունից:
Պաշտպանական կողմի այն ակնարկին ի պատասխան, թե տուժող կողմը եղել է գինովցած ու լկտի, մեղադրողը հղում արեց գործով ձեռք բերված ապացույցներին, մասնավորապես տուժողների ցուցմունքներին, երբ Վահեն գնացել էր տուն, փոխել սպորտային տաբատը: «Ագրեսիվ, լկտի մարդը չէր գնա տուն, չէր փոխի տաբատը»,-ասաց Ա.Դավթյանը:
Մեղադրողը նկարագրեց նաեւ երկրորդ դրվագը, երբ Վահեն վերադարձել էր գլխարկով, հարցրել էր մատուցողին`ամբաստանյալ Դավիթ Ադամյանին՝
գլխարկով արգելվո՞ւմ է: Դավիթ Ադամյանը դուրս էր կանչել Վահե Ավետյանին բակ, հարվածել նրան: Մեղադրողը հարցրեց. «Ագրեսիվ, լկտի մարդը կպատասխաներ: Մինչդեռ Վահեն չի պատասխանել նրա հարվածին»:
Նա վկա Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքի այս հատվածը մեջբերեց. «Արդարանալու տեղ չունեն, մատուցողը հարվածում է հինգ տղաներին, պատասխան չի տրվում»:
Տուժող Արտակ Բայադյանի ցուցմունքով՝ իրեն ուղեկցողը անընդհատ հարցրել է, ո՞վ է հայհոյել, հետո տեսել է մոտ տաս-քսան հոգու որ հավաքվել են:«Ոնց որ շրջանի մեջ վերցրված լինեինք: Հինգ վայրկյան էլ չէր անցել, երբ Վահեն միացավ, հայհոյեցին, ու ծեծեցին»: Ըստ մեղադրողի, այդ իրավիճակում ռեստորանի որեւէ աշխատակից չէր խափանելու պլանավորվածը:
Պաշտպանության կողմի մեկ այլ առարկության առնչությամբ, թե ամբաստանյալներից յուրաքանչյուրը ինչ է արել, նա հարց ուղղեց. «Տաս-տասնհինգ հոգով, մթի մեջ, հնարավո՞ր էր…»:
Մեղադրողը դատարանում տուժողին տված հարցը հնչեցրեց. «Կոնկրետ մեկի՞ն էին հայհոյում, առանձնացնո՞ւմ էին որեւէ մեկի անունը»: Տուժող Արտակ Բայադյանը պատասխանել էր. «Բոլորիս հայհոյում էին: Համընդհանուր էր այդ ամենը: Կոնկրետ անուն չէին ասում»:
Այն, որ պլանավորված էր Վահեին եւ նրա ընկերներին տանել ավտոկայանատեղի, ըստ մեղադրողի հաստատվել է տուժող Գարիկ Սողոմոնյանի ցուցմունքով: Վերջինս նկարագրել էր, թե ինչպես է իրեն մոտեցել Նորայր Հայրապետյանը. «Նորոն «ռեզկի» շրջվեց եւ սկսել հարվածել»:
Ի դեպ, մեղադրողը նկատեց, որ ամբաստանյալներից եւ որեւէ մեկը չի միջամտել կանխելու, բաժանելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ