Արամ Սարգսյանը պնդում է, որ Մաքսային միությանն անդամակցելու իշխանության ներկայացրած փաստարկները կեղծ են եւ սուտ
Իշխանությունը 2 հիմնական փաստարկ է բերում՝ Մաքսային միություն մտնելու որոշումն արդարացնելու համար: Առաջին փաստարկն այն է, որ դա ոչնչով չի խանգարում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը եւս ստորագրելուն, իսկ երկրորդ փաստարկի համաձայն՝ Ղարաբաղյան հարց կա, եւ անվտանգության խնդիր ունենք:
Այս առնչությամբ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ զրույցում «Առավոտը» հետաքրքրվեց՝ այդ փաստարկներն ինչքանո՞վ են հիմնավոր Ձեզ համար: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեր հաղթանակների խորհրդանիշն է: Պետությունը ճիշտ կանի, որ իր քարոզչությունն այդ ուղղությամբ տանի: Ի՞նչ է նշանակում՝ Ղարաբաղի հարց կա, իսկ այդ մասին չէի՞ն մտածում, երբ Ռուսաստանը զենք էր վաճառում Ադրբեջանին: Դրանով Ղարաբաղի ի՞նչ խնդիր են լուծում: Ակնհայտ չի՞, որ Ռուսաստանը Ղարաբաղի խնդիրը մշտապես պահում է՝ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար: Սա ակնհայտ փաստ է: Եվ հետո՝ այսօրվա պատերազմը նախորդի նման չի կարող լինել: Հիշեք սպառազինությունների ինչ տեսակներ ունի Ադրբեջանը եւ ինչ ունի Հայաստանը: Մենք կարող ենք մինչեւ Բաքու հասնել, իրենք՝ մինչեւ Երեւան: Բայց սպառազինության կուտակումը պատերազմ հայտարարելու ու պատերազմում հաղթելու երաշխիք չէ: Եթե Ադրբեջանը վստահ լինի իր հաղթանակին, պատերազմ կսկսի, բայց այդ երաշխիքը Բաքվին ոչ ոք չի կարող տալ: Նոր պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ: Առաջին հերթին ձեռնտու չէ Արեւմուտքին, որ իր տնտեսական շահերն ունի տարածաշրջանում, իր ներդրումների անվտանգությունը պիտի պաշտպանի: Նշեմ միայն British Petroleum-ը: Ակնհայտ է, որ տարածաշրջանում չի կարող լոկալ պատերազմ լինել այս դեպքում, չափազանց շատ շահեր են միախառնված: Եթե հայտնի է՝ ով կսկսի պատերազմը, հայտնի չէ՝ ով կավարտի: Մեր իշխանությունները մրջյունի նման են՝ տեսնում են փոքր խոչընդոտները, մեծերը չեն տեսնում: Այս դեպքում ուղղակի համեմատելու ենք, թե նախորդ պարտությունը հաջորդ պարտությունից ինչով է տարբերվում, ինչ կորուստներ ենք ունեցել: Երկիրն այս վիճակից հանելու միակ ճանապարհը դեպի ԵՄ ճանապարհն է՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը»:
Մեր հարցին՝ Ասոցացման համաձայնագիրը տալի՞ս է անվտանգության երաշխիքներ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է ապահովում իր անվտանգության երաշխիքը: 88-89-ին Ռուսաստանն ադրբեջանական զորքերի հետ էր, հիշեք Սումգայիթը, հիշեք Բաքվի ջարդերը: Հետո էլ «Կոլցո» օպերացիան: Անվտանգության երաշխիք կա՞ր: Մենք ինքներս այդ անվտանգության երաշխիքը մեր հավաքականությամբ ձեռք բերեցինք: Նրանք, ովքեր մտածում են, որ իրենց երկրի անվտանգության երաշխիքը պիտի Ռուսաստանը տա կամ որեւէ այլ երկիր, դատապարտված են պարտության, մրջյունի նման միայն քթի տակ են տեսնում, շուրջբոլորը չեն տեսնում»:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանն ընդունում է, որ այսօր մեր ժողովրդի մի ստվար հատված գտնում է, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարող գոյատեւել. «Գիտե՞ք ինչու: Ես չգիտեմ մի ընտանիք, ում անդամը կամ բարեկամը չաշխատի ՌԴ-ում եւ այնտեղից գումար չուղարկի: Նրանք մտածում են, որ հարաբերությունների վատացման դեպքում իրենց կերակրողները հարկադրված են լինելու ձեռնունայն վերադառնալ: Իսկ ո՞վ է մեղավոր, որ ժողովրդի կեսը աշխատանք է գտնում դրսում: Այսինքն՝ մենք ոչնչի ունակ չենք, մեր անվտանգությունը չենք կարող ապահովել, մեր տնտեսությունը չենք կարող զարգացնել: Գործող իշխանությանը շատ ձեռնտու է, որ իր քաղաքացիները մեկնեն արտագնա աշխատանքի՝ ե՛ւ բողոքողն է պակասում, ե՛ւ տրանսֆերտն է ավելանում:
Քաղաքական քննարկումների շարքը, որ սկսել ենք քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անհատ մարդկանց հետ, հիմնականում մեկ նպատակ ունի՝ հասարակությանը պիտի բացատրենք, որ՝ սիրելի ժողովուրդ, եթե Հայաստանը անդամակցում է Մաքսային միությանը, քո զավակները անընդհատ գնալու են, որովհետեւ այդ դեպքում արդեն իրավականորեն Հայաստանի Հանրապետությունում առանց Կրեմլի թույլտվության չեն կարող աշխատատեղեր ստեղծվել: Նրանք գնալու են ու մնալու են:
Եթե դա քեզ բավարարում է, ուրեմն ճիշտ է ընտրությունը դեպի Ռուսաստան, դեպի Մաքսային միություն: Իսկ եթե մենք ուզում ենք անկախ երկիր լինել, մեզ ու մեր զավակներին վերաբերող հարցերը մեր տանը լուծել, մեր տնտեսությունը զարգացնել ու մեր երկրում աշխատանք ունենալ, պիտի ազատականացնենք շուկան, վերջ տանք մոնոպոլիաներին, կատարենք համակարգային փոփոխություններ, հետեւաբար մեր ճանապարհը դեպի Եվրոպա է, դեպի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում, դեպի ազատ, խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի ստորագրում՝ առանց որի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մեզ ոչինչ չի տալու: Վիլնյուսում համաձայնագրեր ստորագրելով մենք Եվրամիության անդամ չենք դառնում ոչ այսօր, ոչ էլ վաղը, մենք դեռ երկար ճանապարհ ունենք, բայց այդ ճանապարհը մեզ է պետք, ոչ թե Եվրոպային: Հայաստանն այսօր կամ վերահաստատում է անկախ պետություն լինելու իր ընտրությունը, կամ վերականգնում է ենթակայությունը Մոսկվային, այս անգամ՝ Մաքսային միության, հետո նաեւ Եվրասիական միության ցուցանակի տակ: Սա այն հարցն է, որ վերաբերում է յուրաքանչյուրիս եւ բոլորիս միաժամանակ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ