«Ազատություն» ռադիոկայան. Մինսկի խմբի նորանշանակ համանախագահը Բաքվում հայտարարել է, որ մտադիր է իր գործունեությունը ծավալել իրատեսության և պրագմատիզմի հիման վրա:
Երեքշաբթի օրը Բաքվում տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ճեպազրույցը: Նա հայտարարել է, որ անհամբեր սպասում է իր գործընկեր համանախագահների հետ աշխատանքի մեկնարկին:
«Հրադադարի հաստատումից արդեն 20 տարի է անցել, և կարծում եմ, որ անհրաժեշտ է գտնել տարածաշրջանում խաղաղության և զարգացման հասնելու ճանապարհը», – APA գործակալության փոխանցմամբ` ասել է Ջեմյս Ուորլիքը:
«Սա իմ առաջին այցն է տարածաշրջան, և այդ այցի շրջանակներում ես հանդիպում եմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ: Այցի ընթացքում հիմնական խնդիրն ինձ համար հնարավորինս շատ կարծիքներ լսելն է և հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալը: Իմ գլխավոր նպատակն այժմ բոլոր կողմերին լսելն է և նրանց ուշադրությունը ոչ թե անցյալին, այլ ապագային ուղղելն է ու այդ կերպ հակամարտության գործնական լուծում գտնելը», – հայտարարել է Ուորլիքը:
Կարդացեք նաև
Ամերիկացի համանախագահի խոսքով` եկել է ժամանակը, որ Մինսկի խումբը, համանախագահները, Հայաստանն ու Ադրբեջանը տարածաշրջանի այլ երկրների հետ միասին աշխատեն և անհրաժեշտ քայլերը կատարեն ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու համար:
Ամերիկացի դիվանագետը նշել է, որ մտադիր է իր գործունեությունը ծավալել իրատեսության և պրագմատիզմի հիման վրա, որպեսզի երկու կողմն էլ գտնեն հակամարտության կայուն լուծում:
«Մենք ի զորու ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նոր թափ հաղորդել, ես մտադիր եմ առավելագույնս ջանք ներդնել այդ հարցում: Եկել է ժամանակը վերջ դնելու ատելությանն ու տառապանքին, եկել է ժամանակը, որ կողմերը սկսեն համատեղ աշխատանքը Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա», – հայտարարել է ամերիկացի համանախագահը:
Ջեյմս Ուորլիքը հավելել է, որ շաբաթվա վերջում կվերադառնա Միացյալ Նահանգներ, սակայն մինչ այդ կլինի Վիեննայում, որտեղ կհանդիպի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, բացի այդ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի ընդհանուր նիստի շրջանակներում հանդիպելու է Մինսկի խմբի համանախագահների հետ:
Իր թվիթերյան էջում Ջեյմս Ուորլիքը Բաքվի հին քաղաքի մի լուսանկար է տեղադրել, հույս հայտնել, որ մյուս անգամ ավելի շատ ժամանակ կունենա քաղաքի տեսարժան վայրերը դիտելու համար, արդեն գրել է նաև, որ այսօր մեկնում է Բաքվից և անհամբեր սպասում է իր Երևան ժամանելուն Թբիլիսիից եկող ճանապարհով:
Տաթեւիկ Լազարյան