«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով աջակցություն նախագահական ընտրություններում։ Սերժ Սարգսյանն ԱՄՆ է ուղարկում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Երկու օր անց Սարգսյանին զանգում է Օբաման ու ասում. «Քո արածն արա՞ծ է։ ԱՄՆ նախագահի ընտրություններում դու ես հաղթել»,- հանրության շրջանում հայտնի այս հումորն այսօր խորհրդարանում բարձրաձայնեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` նրանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ հաշվետվությունը։
Ի դեպ, հաշվետվությունն առանձնակի հետաքրքրություն չառաջացրեց պատգամավորների շրջանում։
Հումորը պատմելուց հետո Փաշինյանը հավելեց. «Պարոն Մուկուչյան, սա այն է, ինչ որ տեսնում է ժողովուրդը եւ օգտագործում է բանահյուսության մեջ։ Ընտրախախտումները շատ կարեւոր պետական հարց են, որի ֆոնին, ցավոք սրտի, ձեր կերպարն ահա այսպիսին է»։
Ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Հարցն այն չէ, որ իմ հասցեին եք վատ բաներ ասում, այլ հարցն այն է, որ ժողովուրդը ձեզանից ամեն ինչի վատ փաթեթավորմանն է սպասում: Այն, ինչ դուք ասեցիք իմ հասցեին, կարծում եմ, դուք էլ լավ գիտեք, թե ինչ է ասել Թումանյանը ձեր տեսակի մասին… ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նիկոլի պատմած անեկդոտը ընտիր էր, հույսով եմ որ մինչև նոյեմբերի 29-ը չեմ մոռանա, որ Վիլնյուսում՝ Եվրոպական Ասոցացման պայմանագրի ստորագրման ժամանակ պատմեմ լրագրողներին և Վիլնյուսցիներին: Կոչ եմ անում ցանկացողներին այդ օրը լինել Լիտվայի մայրաքաքաքում՝ Հայաստանի պատվիրակությանը իրենց արժանավայել ընդունելություն ցույց տալու: Թող աշխարհն էլ իմանա թե ինչ իշխանություն ունի Հայ ժողովուրդը:
Շատ լավն էր: Ինչպես միշտ Նիկոլի իր տարերքի մեջ է: Ժողովրդական բանահյուսության նման դիպուկ ձևակերպումներ լսելուց ավելի եմ հարգում մեր ժողովրդին:Ժողովուրդը իմաստուն է, որովհետև դարերի փորձառություն ունի: