Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայաստանի իշխանությունների՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ

Սեպտեմբեր 10,2013 16:15

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն իր խորին ափսոսանքն է հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության հայտարարության կապակցությամբ: Այս քայլը լուրջ հետընթաց կարձանագրի Հայաստանի՝ Արեւելյան Գործընկերության մեջ ներգրավման արդյունավետության, ինչպես նաեւ բացասական ազդեցություն կունենա ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի հեռանկարի վրա:
 Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու այլ երկրների հետ ինտեգրացիայի ուղղությունն ու մոդելը, եւ այն, որ Հայաստանն իր ընտրությունը կատարելիս անվերապահ նախապատվությունը տալիս է ազգային շահին: Միեւնույն ժամանակ, մենք մտահոգված ենք, որ Սերժ Սարգսյանի անսպասելի հայտարարությունն արվեց առանց պատշաճ քաղաքական բանավեճի եւ ծանրակշիռ փաստարկների վրա հիմնված քննարկման:
 Նշենք նաեւ այն մեծ ջանքերն ու ռեսուրսները, որոնք ներդրվել են Եվրամիության ու Հայաստանի կողմից՝ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքում, եւ որոնք հաջողությամբ ավարտվել են: Հետեւաբար, մենք սոսկ մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Հայաստանի կորցրած հնարավորությունների համար, ինչի վառ ապացույցը նախագահ Սարգսյանի հայտարարությունն էր:
 Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ հստակեցնել իր դիրքորոշումը եվրոպական գործընկերների եւ, նախ եւ առաջ, հայաստանյան հասարակության առջեւ:
 Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանը կշարունակի իր եվրաինտեգրման ճանապարհը, որն ի սկզբանե հայտարարվել էր որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություն: Մենք կոչ ենք անում ԵՄ ինստիտուտներին՝ շարունակել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ ինտեգրացիայի փնտրտուքները:
 Մենք գնահատում ենք ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ջանքերը՝ նպաստելու երկրում ԱլԳ Ճանապարհային քարտեզում նախանշված բարեփոխումների իրականացման գործընթացին, դրա առաջընթացի մոնիտորինգի եւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման գործին:
 Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ բարձրացնել երկխոսության մակարդակը քաղաքացիական հասարակության եւ Հայաստանի ազգային պլատֆորմի հետ՝ մասնավորապես ԵՄ-Հայաստան հարաբերությունների օրակարգում, եւ հավաստիացնել, որ Մաքսային միությանը միանալու որոշումը բացասաբար չի անդրադառնա այս երկխոսության վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30