ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչվերաց տոնի կապակցությամբ, կիրակի, սեպտեմբերի 15-ին, Երեւանի գյուղատնտեսական երկու տոնավաճառները չեն գործելու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Կասյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի գյուղատնտեսական տոնավաճառները կիրակի չեն գործելու, քանի որ այդ օրը Խաչվերաց տոնն է»,- ասաց նա՝ հավելելով, որ շաբաթ օրը տոնավաճառները կգործեն:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը 2011թ.-ի օգոստոսի 21-ին առաջին անգամ կազմակերպեց շաբաթ եւ կիրակի գործող Գյուղմթերքի տոնավաճառ մայրաքաղաքի Կասյան փողոցում, որտեղ առաջին անգամ գյուղացիներին տրվեց առանց միջնորդի իրենց մթերքը իրացնելու հնարավորություն: 2012թ.-ին յուրաքանչյուր օր տոնավաճառ է այցելել 5-6 հազար մարդ, և ամեն օր սպառվել է մոտ 50 տոննա գյուղմթերք։ 2012թ.-ին Երեւանում գործել են գյուղատնտեսական 3 տոնավաճառներ՝«Մալիբու» սրճարանի մոտ (Մաշտոցի պողոտա), Կասյան փողոցում եւ «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ: Կասյան փողոցում իրականացվել է 53, «Այրարատ» կինոթատրոնի մոտ` 35, իսկ «Մալիբու» սրճարանի մոտ` 10 տոնավաճառ: Այս տարի մայրաքաղաքում գործում է երկու գյուղատնտեսական տոնավաճառ՝ Կասյան փողոցի հարակից տարածքում եւ Մաշտոցի պողոտայում գտնվող «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ: