«Պրիմիտիվ գործ: Իմ պրակտիկայում նման գործ չի եղել՝ ապացուցողական տեսակետից»,- այսօր հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ Բուդաղյան-Խաչատրյան գործի մասին:
Ըստ նրա, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ստում է, խեղաթյուրված է ներկայացնում փաստերը:
Ռուբեն Սահակյանը իր համար ԶԼՄ-ների սեւ ցուցակ է կազմել, որոնց, իր խոսքերով՝ ոչ մի հարցազրույց չի տալու, քանի որ խեղաթյուրում են փաստերը. «Պարոն Ալումյանին ոչ մի հարց չեք տալիս, չեք ասում՝ որտե՞ղ են ապացույցները: Հայկ Ալումյանը ձեզ ասում է՝ երբ գալիս է Ավետիք Բուդաղյանը, նրա դիմաց գալիս են 5-6 հոգի, նրանցից մի քանիսը՝ զինված: Նման բան կադրերում չկա: Ասում է՝ հետո եկավ Արտակ Բուդաղյանը, այդ 5 հոգուց երեքը անջատվեցին, մոտեցան Արտակի մեքենային: Նման բան դուք չեք տեսնի: Ասում է՝ ամեն ինչ վերջացավ, հնչեց կրակոց: Սա ձեզ բոլորին կվրդովեցնի, եթե իրականություն լինի, բայց իրականությունը դա չի: Պարոն Ալումյանը լավ չի ծանոթացել տեսաերիզի հետ: Անընդհատ խոսում է մոնտաժված տեսաերիզի մասին, բայց ախր դա քրեական գործի մաս չէ, չէ՞»:
Հայկ Ալումյանը պնդում էր, որ վերեւից կրակոց էլ է եղել, որը քննչական մարմինները կորցրել են, մինչդեռ տեսանյութում պարզ երեւում է, որ գնդակը դիպչում է գետնին եւ վեր բարձրանում հարվածից: Այս առնությամբ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Ոչ ոք թող իր վրա պատասխանատվություն չվերցնի իրեն ներկայացնել երկու դեմքով՝ փաստաբան եւ փորձագետ: Նա փորձագետ չի: Ես էլ եմ տեսնում կրակոց, ես էլ եմ տեսնում, որ այդ կրակոցը որեւէ մեկին չի դիպչում: Ես կատեգորիկ համաձայն չեմ նախաքննական մարմնի հետ: Այսօր մենք չունենք բարձրակարգ, որակյալ մասնագետներ: Ասում են, որ դա Զարզանդ Նիկողոսյանի կրակած փամփուշտն է, բայց Զարզանդ Նիկողոսյանը այնտեղ չի կրակել: Իմ համոզմունքն է, որ դա եղել է Ավետիք Բուդաղյանի կրակոցը: Վերեւից կրակոց չի եղել: Պարոն Ալումյանը խախտում է անմեղության կանխավարկածը, ասում է՝ Սուրեն Խաչատրյանը դա արեց: Չի կարելի մարդուն մեղադրել, եթե չունես հիմքեր: Ես ձեզ բերեմ փաստեր. Դատահամակարգչային փորձաքննության ենք ծանոթացել, այնտեղ կա նաեւ ձայնային երիզ մինչ դեպքը եւ դեպքից հետո: Ձայնագրող սարքը տեղադրված է եղել խոհանոցում: Լորետա Բարսեղյանն է խոսում եւ Սուրիկ Խաչատրյանի քույրը՝ Մարիետան: Հստակ երեւում է, ասում են՝ խմած է, հոգնած է, քնել է: Դեպքից 30 րոպե անց խոհանոցում հավաքված են բարեկամները, Լորետան լացակումած պատմում է դեպքը: Երբ հարցնում են մարզպետը ուր է, ասում է՝ քնած է, երբ հարցնում են՝ դեպքի ժամանակ ուր է եղել մարզպետը, ասում է՝ քնած է եղել»:
Զարզանդ Նիկողոսյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանն այս ասուլիսում էլ շարունակեց վստահեցնել, որ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը մեղավոր չէ. «Նիկոլայ Աբրահամյանին կրակել են, նոր դրանից հետո Զարզանդ Նիկողոսյանը կրակել է: Զարզանդ Նիկողոսյանը կրակել է 6 անգամ, միայն մի անգամ է կպել արմունկի մսային հատվածին: Նա պրոֆեսիոնալ հրաձիգ է, չէր կարող վրիպել: Նրա կրակոցը կանխարգելիչ նպատակ է հետապնդել»:
Ռուբեն Սահակյանը լրագրողների հարցին պատասխանեց, որ ամենաշուտը կրակել է Տիգրան Խաչատրյանը եւ դա սկսեց այսպես բացատրել, որ սպանության սպառնալիքներ է լսել, դրա համար է կրակել. «Նա վերցրել է հորը օրինական պատկանող որսորդական հրացանը՝ հոր ննջասենյակից: Դա եղել է հոր պահարանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ