Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միությանն անդամակցելու հարցով կոալիցիոն քննարկում չի եղել

Սեպտեմբեր 10,2013 15:01

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, սակայն, խուսափում է այդ մասին հստակ հայտարարություններից

– ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մինչ Մոսկվա մեկնելը եւ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հռչակագիրը ստորագրելը նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցել էր կոալիցիոն ուժերի հետ: Դուք կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել, հստակեցնել` ե՞րբ է եղել այդ քննարկումը, հատկապես ինչի՞ մասին է խոսվել, ի՞նչ մոտեցումներ են հնչել:

– Ես նախ կցանկանամ հստակեցնել մի բան, որին օրեր առաջ անդրադարձավ նաեւ մեր կուսակցության ղեկավարը` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը. սա ոչ թե գաղտնիք է, այլ այս մասին խոսվել է: Նույն Սերժ Սարգսյանը, եթե հիշում եք, Լեհաստան կատարած իր այցի ժամանակ մի միտք արտահայտեց, որ ՌԴ-ն ՀՀ-ի դաշնակից, ռազմավարական գործընկեր պետություն է: Ինչ  վերաբերում է քննարկումներին`գաղտնիք չի եղել: Յուրաքանչյուրն ունեցել է իր կարծիքը, իր տեսակետը, եւ մենք առիթներ ունեցել ենք եւ հրապարակային հայտնել ենք մեր տեսակետը: Այո, մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական այնպիսի տարածաշրջանում, որ մեր ապագայի, մեր անվտանգության համար պիտի փորձենք բոլորի հետ համագործակցել եւ ռազմավարական տեսանկյունից էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ:

–  Մինչ նախագահ Սարգսյանի հայտարարությունը բոլորն ասում էին, որ Հայաստանի հեռանկարը ԵՄ-ի հետ ինտեգրումն է, հիմա բոլորը սկսել են արդարացնել նախագահի քայլը:

– Ես չգիտեմ, թե ով ինչ է աում, ես որեւէ մեկի հայտարարությունները չեմ ուզում մեկնաբանել: Իմ տեսակետն ասեմ` մեր քաղաքական ուժը բազմիցս է քննարկել, այո, մենք էլ ավելի պետք է խորացնենք մեր երկրում բարեփոխումները` մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում` սերտացնելով հարաբերությունները ԵՄ-ի եւ եվրոպական երկրների հետ:  Մենք պետք է փորձենք այնպիսի բալանսավորված քաղաքականություն տանել բոլոր երկրների եւ կառույցների հետ, որ մեկի հաշվին մյուսի հետ հարաբերություններ չկառուցենք: Ես ավելի քան վստահ եմ, որ մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ պետք է խորանան:

– Կոալիցիոն քննարկումից ի՞նչ մանրամասն կասեք:

– Ես կարծում եմ, որ հարցն իրեն պետք է ուղղեք. ճիշտն ասած՝ այսօրվա դրությամբ չեմ կարող պատասխանել պարոն Աբրահամյանի տեղը:

– Հովիկ Աբրահամյանը հստակ հայտարարեց, որ հարցը կոալիցիոն ուժերի հետ քննարկվել է: ՕԵԿ-ն էլ կոալիցիոն ուժ է:

– Ես էլի եմ կրկնում, որ ընդհանուր առմամբ ոչ թե դրա նախօրեին, միշտ այդպիսի քննարկումներ եղել են:

– Կոնկրետ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարելիք այցի նախօրեին քննարկում եղե՞լ է, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին խոսք գնացե՞լ է:

– Կոալիցիայում պարբերաբար քննարկումներ տեղի ունենում են, եւ լավ ավանդույթ է որդեգրված մեր գործընկեր կուսակցության հետ, ու կոալիցիայի շրջանակում բազմաթիվ հարցեր քննարկվում են, այդ թվում նաեւ՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող: Ու այո՝ այն, որ այսօր ստորագրվում է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթ, որ մենք դրան կողմ ենք, ՕԵԿ-ը անդրադարձել է:

– Նախագահի մեկնելուց առաջ քննարկում եղե՞լ է:

– Մեկնելու օրերի՞ն, թե՞ ի նկատի ունեք դրանից առաջ… ես ասում եմ՝ դեռ ամիսներ առաջ եղել են նմանատիպ քննարկումներ: Ավելին ասեմ, դա քննարկվել է նաեւ ԱԱԽ-ում: Բնականաբար, քննարկումներ տեղի ունեցել են, եւ պարտադիր չէ, որ դրանց երկուստեք բոլոր կուսակիցները մասնակցեն: Առաջնորդները մասնակցել են, որին, ի դեպ, պարոն Բաղդասարյանն ավելի հանգամանորեն անդրադարձել է:

– ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը երեկ Հայաստանը համեմատել է Կալինինգրադի մարզի հետ…

– Ես չգիտեմ, թե ինչն է նկատի ունեցել՝ համեմատելով: Եթե նկատի է ունեցել այն, որ Կալինինգրադի մարզը ազատ եւ զարգացած մարզ է, այս տեսանկյունից  ողջունելի է, որ համեմատվում ենք Կալինինգրադի մարզի հետ՝ որպես երկիր: Բայց որպես մարզ, իհարկե, անընդունելի է: Մենք առանձին երկիր ենք: Բայց չեմ կարծում, որ դա է ի նկատի ունեցել ՌԴ-ի պաշտոնյան:

– Դեռ վաղուց խոսակցություններ էին հարթակ նետվում Հայաստանի` ՌԴ-ի մարզ դառնալու մասին: Այդ ամենի մեջ տրամաբանություն տեսնո՞ւմ եք:

– Ոչ միայն տրամաբանություն չեմ տեսնում, այլեւ լուրջ չեմ վերաբերվում նման խոսակցություններին:

– Բացառո՞ւմ եք, որ մի օր արթնանանք եւ իմանանք, որ ՌԴ-ի մարզում ենք ապրում:

– Իհարկե՝ բացառում եմ: Ինքս երկար եմ շփվել ՌԴ-ի հետ եւ մշտապես բացառել եմ այդ մոտեցումը, բայց միշտ ողջունել եմ մեր ռազմավարական հարաբերությունների խորացումը: Բացի այդ, Հայաստանը դարեր ի վեր համագործակցել է ՌԴ-ի հետ ու շարունակելու է, եւ դա չի լինելու մեկ այլ պետության հաշվին:

Այստեղ ՌԴ-ն, իհարկե, ունի իր շահերը, բայց մենք էլ մերն ունենք, եւ կարծում եմ՝ այն, ինչի մասին խոսեց Պուտինը՝ թե տնտեսության, թե ռազմաքաղաքական ոլորտում, լուրջ հեռանկարներ է ստեղծում մեզ համար:

– Հայաստանի առջեւ Եվրոպայի դռները այլեւս փա՞կ են:

– Չեմ կարծում, ու Եվրոպայի համար սա անակնկալ չէր. այս ամենի մասին խոսվում էր, որ Հայաստանը բոլոր կառուցների հետ բալանսավորված է խորացնելու իր հարաբերությունները: Ես չեմ կարող հավատալ եւ պատկերացնել, որ Եվրոպան կմերժի Հայաստանին: Կարծում եմ՝ եվրոպական չափորոշիչներից ու արժեքներից մեկն էլ այն է, որ գործընկերների հետ բալանսավորված քաղաքականություն վարեն:

– Եվրոպական կառույցները կսկսե՞ն ճնշումներ գործադրել մեր երկրի վրա:

– Ճնշումների ժամանակներն անցել են: Մարդիկ պարզապես պետք է գիտակցեն, որ այս կամ այն արժեքի դեպքում իր երկրում քաղաքացին ավելի լավ կզգա, լավ կապրի, բայց եվրոպական շատ արժեքներ էլ կան, որ մենք ենք մերժում:

Այնպես որ՝ նախագահ Սարգսյանի որոշումը հիմնավորված էր եւ ծավալուն աշխատանքի արդյունք: Իսկ հարցը Սահմանադրությամբ սահմանված կարգով խորհրդարանում կքննարկվի, բոլորն իրենց դիրքորոշումը կարտահայտեն: Ես, որպես պատգամավոր, կողմ եմ, որովհետեւ այստեղ ես տեսնում եմ… գիտեք, միայն շահը չի, ինձ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն անվտանգությունն է:

 

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Հ. Գ. Հովհաննես Մարգարյանն ասաց, որ նախագահի հայտարարությունից հետո բազմաթիվ զանգեր է ստացել ՌԴ-ում գտնվող իր ծանոթներից, ովքեր ասել են, որ հայերի նկատմամբ ՌԴ-ում տրամադրությունների կտրուկ փոփոխություն է նկատվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ինչի պիտի լիներ????? ՉԻ եղել, որովհետեւ սրանից առաջ Սերժ Սարգսյանն ինչ արել է հավանության եք արժանացրել… Հիմա անկախությունն է շուկա հանել, ասում եք` խորհրդակցել է…. ուրեմն կամ մեղսակից եք… կամ հանցակից… դուք որոշեք

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30