Լրահոս
Օրվա լրահոսը

Առասպելական տարբերություններ՝ մարդահամարի թվերում

Սեպտեմբեր 10,2013 14:54

Այսօր «Մեդիա կենտրոնում» Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ներկայացրեց «Ընտրական մասնակցության մակարդակի ստուգում» ծրագրի արդյունքները: 

Նշենք, որ 2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնական արդյունքներով 90 եւ ավելի տոկոս մասնակցություն ցուցաբերած թվով 32 համայնքում իրականացվել է այլընտրանքային մարդահամար` պարզելու քվեարկության օրվա դրությամբ այդ համայնքներում փաստացի եղած ընտրողների թիվը եւ համադրելու այն ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ:

Լեւոն Բարսեղյանի ներկայացմամբ՝ ընտրություններից հետո իրենց մտահոգել է այն, որ մի ամբողջ խումբ համայնքներում, հատկապես հեռավոր, փոքրիկ, ընտրական մասնակցությունը եղել է 70-80-90, մինչեւ 100 տոկոս.  «Մենք որոշեցինք անպայման այլընտրանքային մարդահամարի նման մի բան անցկացնել, ստուգել, թե այդ համայնքներում ինչքան մարդ է ապրում, որքան մարդ է ապրել տարեսկզբին եւ հատկապես ընտրությունների օրը»:

Ծրագրի արդյունքներից պարզ է դարձել, որ ՔՀԿ-ներում գրանցվել էր 100 տոկոսանոց մասնակցություն: Ու այս առումով հետաքրքիր մեկնաբանություններ են եղել՝ «մարդը դարդի մեջ, խափանման միջոցը կալանք, որոշել է անպայման մասնակցել երկրի ղեկավարի ընտրություններին: Եվ այս տեղամասերում ստուգում անցկացնելը իմաստ չուներ, իհարկե»,- ասաց պրն Բարսեղյանը, շարունակելով, որ 32 համայնքներում 1,5 ամիս տեւողությամբ այլընտրանքային մարդահամար են անցկացրել:6 հոգի այցելել է այդ համայնքները, թակել բոլոր դռները, խնդրել լրացնել 2 էջանոց հարցաթերթիկը:

«Օրինակ՝ հարցրել են՝ այս տարի ձեր տնային տնտեսությունից մեկնե՞լ են արտագնա աշխատանքի: Դա եղե՞լ է մինչեւ փետրվարի 18-ը: Այս տարի ձեր ընտանիքն ունեցե՞լ է կորուստ: Ընտանիքի ներկա անդամների թիվը, որից չափահասների թիվը: Մի շարք բնակարանների կամ տների դեպքում, երբ ակնհայտ էր, որ երկար ժամանակ չէ, որ փակ է դուռը, օրինակ՝ մարդիկ քաղաք են գնացել, անպայման հարցրել ենք հարեւաններին, որ ոչինչ չվրիպի: 200 ընտանիքի դուռ է թակվել: Ստացել ենք մի աղյուսակ: Վերջին սյունյակում բերված է՝ տարբերությունը՝ ԿԸՀ տվյալներով որքան մարդ է մասնակցել, եւ մեր հաշվարկներով՝ որքան մարդ կարող էր մասնակցել: 10 գյուղերում մենք ստացել ենք բացասական հաշվեկշիռ. համայնքի հնարավոր ընտրողների թիվը անհամեմատ ավելի փոքր է, քան ԿԸՀ հայտարարած թիվը:10 գյուղերի դեպքում տեղի է ունեցել բացարձակ կեղծիք: Շահագրգիռ իրավապահ մարմինները կարող են փետրվարի 18-ի դրությամբ սահմանային կետերի գրությունների հիման վրա պարզել, թե այս ընտրողներից քանիսն են գտնվել հանրապետությունում: Ակնհայտորեն կպարզվի, որ 32 համայնքից 10-ում կոպտորեն կեղծվել են մասնակցության ցուցանիշները»,-հավելեց Բարսեղյանը:

Նա նաեւ հայտնեց, որ Գեղարքունիքի Ջազացաձորի բնակչությունը 15 ամսվա ընթացքում 100-ից «աճել է» այնպես, որ դարձել է 102 ընտրող, այսինքն՝ մոտ 140 հոգի:

Լեւոն Բարսեղյանը շեշտեց, որ բոլոր մարզերի պաշտոնական կայքերից քաղել է բոլոր համայնքների բնակիչների թիվը ու երբ թվերը համեմատում ես մարդահամարի թվերի հետ, առասպելական տարբերություններ են լինում. «Մարզպետարանների կայքերում 30-40, երբեմն 50 տոկոսով ավելի շատ է բնակչությունը, քան մարդահամարով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30