Տարիներ շարունակ քույր եւ եղբայր Շուշանիկ Կարակոզյանն ու Գեւորգ Ղարագյոզյանը Հայաստանի Հանրապետությունում բնակվում են առանց անձնագրի: Դա խնդրահարույց վիճակ է ստեղծում այնքանով, որ նրանք յուրաքանչյուր քայլափոխի հանդիպում են մի շարք արգելքների:
Շուշանիկն ու Գեւորգը փախստականներ են: Ադրբեջանից Հայաստան են բռնագաղթվել 1988 թվականին: Հաշվառվել են որպես փախստականներ, ունեցել են փախստականի անձը հաստատող փաստաթուղթ: Այն հանգամանքը, որ նրանք ծնվել են Հայաստանում, դարձել է պատճառ, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը դադարեցնի նրանց փախստականի կարգավիճակը: Գեւորգը ծնվել է 1985թ., իսկ Շուշանիկը՝ 1987-ին: Երկուսն էլ ծնվել են Հայաստանում: Երեխաների ծնվելուց հետո մայրը՝ տիկին Թամարան, վերադառնում է Ադրբեջան, որից հետո այնտեղից բռնագաղթվում Հայաստան՝ այդ անգամ ընտանիքով: Հատկանշական է, որ քույրն ու եղբայրն իրենց կարգավիճակը վերականգնելու պահանջով հայց էին ներկայացրել Հայաստանի վարչական դատարան: Դատավորը բեկանել էր ՄՊԾ-ի որոշումը՝ կարգավիճակը դադարեցնելու մասին: Շուշանիկն ու Գեւորգը, դատարանի վճիռը ձեռքներին, դիմել են ՄՊԾ, որպեսզի դա լինի փաստացի ապացույց՝ իրենց փախստական լինելու մասին տեղեկանք տրամադրելու համար: ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը մերժել է նրանց եւ պատճառաբանել, որ դատարանը միայն բեկանել է նրանց որոշումը, սակայն տեղեկանք տրամադրելու մասով իրենց չի պարտադրել՝ մերժել է: Քանի որ երկար տարիներ քույր ու եղբայր անձնագիր չունեն, իսկ ինչպես նշեցինք, դա խնդրահարույց վիճակ է առաջացնում, ուստի նրանք կրկին դիմել են Հայաստանի վարչական դատարան՝ այս անգամ փախստական հանդիսանալու փաստը հաստատող տեղեկանք տրամադրել պարտավորեցնելու մասին հայցապահանջով: Այդ տեղեկանքի կարեւորությունն այնքանով է ընդգծվում, որ առանց ՄՊԾ-ի հաստատման՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը չի կարող նրանց տրամադրել փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Քույր եւ եղբոր հայցն արդեն իսկ ընդունվել է վարույթի եւ նշանակվել է նախնական դատական նիստի օրը: Գեւորգի հայցը կլսվի սեպտեմբերի 19-ին, իսկ Շուշանիկինը՝ հոկտեմբերի 7-ին: Ուշագրավ է, որ Միգրացիոն պետական ծառայությունը չի տրամադրում հայցվորներին փախստական համարվելու մասին տեղեկանք, նույնիսկ այն դեպքում, երբ դատարանը բեկանել է ծառայության որոշումը: Դեռ ավելին, ՄՊԾ-ն կարգավիճակը դադարեցնող որոշման մեջ շեշտել է, որ նրանք համարվում են ՀՀ քաղաքացիներ, ինչը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից հերքվել է հետեւյալ պատճառաբանությամբ. «Գեւորգ Ղարագյոզյանը եւ Շուշանիկ Կարակոզյանը ՀՀ քաղաքացու անձնագրով չեն փաստաթղթավորվել, ավտոմատացված համալիրի պահոցում քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան»: Խնդիրը կարգավորելու համար շատ կարեւոր է դատարանի միջամտությունը, քանի որ բացառվում է այն փաստը, որ մարդիկ լինելով փախստականներ, ունենալով մեծ կորուստներ եւ երկար տարիներ հաշվառված լինելով որպես փախստականներ՝ այժմ մոլորության մեջ են ՄՊԾ-ի օրենսդրության չարաշահման հետեւանքով:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ