Սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացման արարողությունը:
Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանում, որ հիմնանորոգվել է ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ, ցուցադրվելու են Մայր Աթոռին նրա կողմից նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նշանավոր նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր գործեր:
Թանգարանի բացման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության և մշակույթի գործիչներ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարերար Հովհաննես Չիլինգիրյանի կողմից թանգարանի մուտքի ժապավենը կտրելուց հետո ներկաները մուտք գործեցին նորակառույց թանգարան, որտեղ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց օրհնության արարողություն:
Օրհնության կարգի ավարտին բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, ով ներկայացրեց թանգարանում ցուցադրվող արժեքավոր հավաքածուն, որ ներշնչման կարևոր աղբյուր պիտի դառնա համայն հայության համար: Այնուհետև երախտագիտության խոսք ասաց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր տիար Ռուբեն Միրզախանյանը: Վերջինս Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացման համար շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին և տիար Հովհաննես Չիլինգիրյանին` նշելով, որ այն մշակութային կարևոր կենտրոններից մեկը կդառնա հայոց կյանքում:
Իր սրտի խոսքն ասաց նաև թանգարանի բարերար տիար Հովհաննես Չիլինգիրյանը: «Այսօր մենք հրաշքի ենք ականատես լինում, որովհետև այս սուրբ հողի վրա վերակենդանացավ ու անմահացավ 1915 թ. Մեծ եղեռնի նահատակ, մեծանուն բանաստեղծ Ռուբեն Սևակի հիշատակը», – նշեց Ռ. Սևակի եղբորորդին` իր ուրախությունը հայտնելով Վեհափառ Հայրապետին թանգարանի ծրագիրը կյանքի կոչելու առիթով: Տիար Հովհաննես Չիլինգիրյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Ռուբեն Սևակի դուստր Շամիրամ Սևակի երախտագիտությունը և ջերմ շնորհավորանքները:
Արարողության ավարտին ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Այս թանգարանի հիմնումը հարգանքի տուրք և խոնարհում է ինչպես Ռուբեն Սևակին, այնպես և Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Կոմիտասին, մեր մյուս մեծերին, մեկ և կես միլիոն մեր անմեղ զոհերին, ովքեր չուրացան իրենց հավատքն ու հայրենիքը և ընդունեցին նահատակության պսակը: Նրանք նահատակվեցին իրենց սրտում վառ պահելով տեսիլքը, որ ապրելու և հարատևելու է հայ ժողովուրդը: Թանգարանը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչմանը և ունի առանձնահատուկ նշանակություն: Այն այցելուների միջոցով վերածվելու է ղողանջող անլռելի զանգակատան, որի ձայնը լսելի պիտի լինի աշխարհում` նպաստելով Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին:
Թանգարանը դառնում է անցյալի, ներկայի և գալիքի մեջ անմահության ձայն, մահվանից վերածնվելու, նորից հառնելու և կյանքով հաղթելու ուղի: Այսօր մենք ոճրագործությանը պատասխանում ենք մեր ժողովրդի ազնիվ զավակի ու նահատակի հիշատակը հավերժացնելով, կործանմանը պատասխանում ենք կառուցումով, ավերմանը` վերաշինությամբ, մահվանը` կյանքով: Չարին բարիով պատասխանելու քրիստոնեական այս ոգին դարձել է մեր ժողովրդի նկարագիրն ու էությունը, որը միշտ զորացնելու է մեզ` ապրելու և արարելու: Ինչպես մեր նահատակ մեծ բանաստեղծ Ռուբեն Սևակն է ասել` «…ո´վ որ Կեանքին հաւատքն ունի` երկինքեն բռնուելիք չուան մ’ունի: Ո°վ որ Յաղթութեան յոյսն ու Երջանկութեան սէրն ունի` ան իր ուսերուն վրայ երկու թեւեր ունի …»», – ասաց Նորին Սրբությունը:
Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատանք հայտնեց մեծարգո տիար Չիլինգիրյանին` սիրահոժար հանձնառության, նախանձախնդիր ոգու և ազնիվ բարերարության համար: «…Իրականացավ տարիների Ձեր երազը, մեծարգո բարերար, ազգիս սրբություն սրբոց Սուրբ Էջմիածնում, Ղազարապատի պատմական կառույցում հաստատվեց Ռուբեն Սևակի թանգարանը, որը Վազգեն Կաթողիկոսի կողմից կառուցված Հայոց Ցեղասպանության հուշարձանի հետ, իբրև խնկարկում` լուսավոր է պահելու Եղեռնի նահատակների հիշատակը, մեր արդար դատը պաշտպանելու ոգին և մեր ժողովրդի անմահության խորհուրդը», – նշեց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց նաև թանգարանի բացման աշխատանքներում իրենց ներդրումն ունեցած բոլոր անձերին, ապա աղոթքով բարի և արդյունավոր ընթացք մաղթեց թանգարանի առաքելությանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին