«Առավոտը» քանիցս անդրադարձել է խնդրի, որն այդպես էլ մինչ օրս լուծում չի ստացել՝ մեր երկրում ստեղծագործական միությունների մասին օրենք գոյություն չունի, ինչը հղի է վտանգներով:
Ամռանը «Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություն» (ՀԿԵՄ) հ/կ անդամները՝ կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Լեւոն Չաուշյանը, Երվանդ Երկանյանը, Արամ Սաթյանը, Վարդան Աճեմյանը, Երվանդ Երզնկյանը եւ երաժշտագետ Մարգարիտա Ռուխիկյանը դիմել էին Վերահսկիչ պալատի նախագահին, արդարադատության եւ մշակույթի նախարարներին նամակով, խնդրելով իրականացնել միության 2009-2013թթ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգում: Նամակում մասնավորապես ասված է. «Վերջին տարիներին՝ 2009թ. սկսած, ՀԿԵՄ-ն չի գործում ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի եւ «Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություն» հասարակական կազմակերպության կանոնադրության համապատասխան, այն է՝ Քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ «իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում եւ քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքի, այլ իրավական ակտերին եւ իր կանոնադրությանը համապատասխան»:
ՀԿԵՄ վերջին համագումարը տեղի է ունեցել 23.05.2009թ., որտեղ եւ ընտրվել է ՀԿԵՄ նախագահը (կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան), այսինքն՝ նրա օրինական պաշտոնավարման եւ լիազորությունների իրականացման ժամկետն ավարտվել է դեռեւս 23.05.2011թ.: Միեւնույն ժամանակ սա նշանակում է, որ արդեն 2 տարի 2 ամիս է, ինչ ՀԿԵՄ-ը չունի լեգիտիմ (օրինական) նախագահ: Հետեւաբար, չունենալով համապատասխան լիազորություններ, 23.05.2011թ. առայսօր որեւէ անձ չէր կարող օրինական հիմքերով, «առանց լիազորագրի» ներկայացնել ՀԿԵՄ-ն պետական եւ ոչ պետական մարմիններում կամ ֆիզիկական անձանց առջեւ, բացի դրանից՝ չէր կարող ստանձնել պարտականություններ կամ իրականացնել ֆինանսատնտեսական այլ գործունեություն: ՀԿԵՄ-ն այսօր չունի նաեւ օրենսդրությամբ եւ կանոնադրությամբ նախատեսված ու սահմանված կարգով ընտրված այլ ղեկավար մարմիններ, այսինքն՝ վարչություն եւ նրա նախագահություն, նախագահական խորհուրդ եւ վերստուգիչ հանձնաժողով: Տարեկան համագումարներ 2009թ.-ից չեն հրավիրվել, ինչի պատճառով ՀԿԵՄ անդամները զրկված են եղել հնարավորությունից՝ իրենց ընտրությամբ կազմավորել ՀԿԵՄ ղեկավար մարմինները, լսել եւ հաստատել վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի՝ կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունները եւ այլն… ՀԿԵՄ անդամները որեւէ տեղեկություն չունեն՝ 2009թ. սկսած ստացվել եւ ծախսվե՞լ են, արդյոք, ՀՀ պետբյուջեից որեւէ միջոցներ եւ եթե այո, ապա ինչ նպատակով են օգտագործվել դրանք…»: Այս խնդրանքին ի պատասխան՝ արդարադատության նախարարությունից ստացվել է գրություն, որտեղ ասված է, որ ՀԿԵՄ-ում սկսվել են ուսումնասիրություններ, մշակույթի նախարարությունից էլ հայտնել են, որ գործը ուսումնասիրվում է: ՀԿԵՄ 42 անդամներ էլ դիմել են Ռ. Ամիրխանյանին՝ պահանջելով հրավիրել արտահերթ համագումար: «Առավոտի» խնդրանքին՝ պարզաբանել, թե ինչ է կատարվում միությունում, պարոն Ամիրխանյանն ասաց, թե բոլոր հարցերի պատասխանը կտա հոկտեմբերի 26-ին հրավիրված համագումարը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
Կուզեմ կռահել,թե ինչ պիտի պատասխանի Ռոբերտ Ամիրխանյանը մոտակա համագումարում եթե կան վերը նշված անժխտելի փաստեր:Կարծում եմ կա երկու տարբերակ՝ կամ, պիտի ժխտվեն վերոհիշյալ փաստերը,այստեղից բխող հանգամանքներով,այսինքն զրպարտության համար պատասխանատվության կանչվեն հարգարժան նշված կոմպոզիտորները,կամ էլ,չժխտելով մեջ բերված փաստերը ,պիտ սկսվեն«կատվի խաղերը»:Կարող եմ ավելացնել այն,որ իմ,Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ լինելուս ժամանակ(1991-1993 ներառյալ)նույնպես եղան կանոնադրության խախտումներ,մասնավորապես,ըստ պայմանավորվածության,նորընտիր նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը պիտի հաշվետվությամբ,ընտրվելուց մեկ տարի հետո,ելույթ ունենար իր գործընկերների առջեւ:Չեղավ: Չեղավ,չնայած իմ կողմից նրան հանձնված գրավոր հիշեցման:Կուզեմ ասել,որ թերեւս պատահական չեն նաեւ վերը նշված փաստերի առկայությունը:Ամեն դեպքում՝ սպսաենք պետական մարմինների արձագանքին եւ նախագահի դիրքորոշում պատասխաններին: