Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին գործընկերների մասին

Սեպտեմբեր 10,2013 14:30

Չի կարելի վիրավորել, ծաղրուծանակի ենթարկել Պուտինին, Ռուսաստանը, ռուս ժողովրդին: Չի կարելի նույնն անել նաեւ որեւէ այլ երկրի կամ ժողովրդի դեպքում: Նույնիսկ՝ Ալիեւի կամ Էրդողանի, որովհետեւ թեեւ մենք իրենց երկրների հետ խնդիրներ ունենք, բայց հենց այդ մարդիկ են տվյալ պետությունների ղեկավարները եւ այն հնարավոր պարտնյորները, որոնց հետ խնդիրները պետք է լուծվեն: Այդպիսին պետք է լինի պետական մոտեցումը, որը պարտավոր է դրսեւորել ցանկացած քաղաքական ուժ՝ անգամ ընդդիմադիր, եւ դրանով այդ մոտեցումը տարբերվում է այլախոհական դրսեւորումներից, երբ կարելի է ասել ամեն ինչ: Եթե մենք սիրում ենք այս կամ այն երկիրը կամ նրա մշակույթը, դա ամենեւին չի նշանակում, որ մնացածներին պետք է ատել: Սիրելու հականիշը ոչ թե ատելն է, այլ չսիրելը:

Ահա այդպիսի հորդորներով է շաբաթ օրը առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել իր կուսակցականներին: Այդ դատողությունները 100 տոկոսով ճիշտ են. ես էլ եմ վստահ, որ ոչ միայն կուսակցականները, այլեւ մեր բոլոր քաղաքացիները՝ մանավանդ նրանք, ովքեր հնարավորություն ունեն հրապարակային խոսք ասելու, պետք է զուսպ, հարգալից վերաբերմունք ունենան բոլոր երկրների եւ բոլոր ժողովուրդների նկատմամբ: Թե չէ՝ երբեմն լինում է, որ հրապարակախոսները կամ քաղաքական գործիչները այնպես են «քլնգում», ասենք, Էրդողանին, կարծես նա իրենց անձնական թշնամին լինի: Պարզ է, որ Թուրքիայի եւ նրա վարչապետի քաղաքականությունը շատ դեպքերում ուղղված է Հայաստանի եւ հայերի դեմ: Բայց դրա մասին պետք է խոսել զուտ քաղաքական, ոչ թե «Իսկրայի» կամ «Պրավդայի» բառապաշարով:

Ցավալի է, սակայն, որ իր այդ հորդորը առաջին նախագահը չտարածեց ներքին կյանքի վրա: Տրամաբանությունն այստեղ կարող է լինել հետեւյալը. եթե ճիշտ է, որ այլ երկրների ղեկավարները մեր պետության (իշխանության եւ պատասխանատու ընդդիմության) պոտենցիալ պարտնյորներն են, որոնց հետ մենք պետք է լուծենք արտաքին հարաբերությունների խնդիրները, ապա նույնքան ճիշտ է, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը եւ բոլոր քաղաքացիները պարտնյորներ են՝ ներքին խնդիրները լուծելու համար: Մեր երկրում, կարծեմ, չկա որեւէ կուսակցություն, որ գտնում է, թե այդ խնդիրները պետք է լուծվեն պատերազմով, բռնությամբ, հակառակը՝ բոլորը այս կամ այն ֆորմատի երկխոսության կողմնակիցներ են: Եթե նույնիսկ ասվում է «հեղափոխություն», ապա նկատի է առնվում իշխանության խաղաղ փոխանցումը, ինչպես որ դա եղել է, ենթադրենք, Լեհաստանում. Յարուզելսկին եւ լեհ կոմունիստներն այդ պարագայում դարձյալ պարտնյորներ էին:

Հավանաբար, ներքին կյանքում նույնպես պետք է հաշվի առնել պոտենցիալ գործընկերության հանգամանքը: Հետեւելով որոշ կուսակցականների ասածներին եւ գրածներին՝ կարելի է արձանագրել, որ դա առայժմ այդպես չէ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգելի՝ Արամ Աբրահամյան: Դուք ինչպես եք պատկերացնում՝ պոտենցիալ գործընկերության
    հանգամանքը մի վարչախմբի հետ,՝ որը կարող է իր ժողովրդին, ազգին, քաղաքացուն գնդակահարել, բյուջեն թալանել, թաղի խուժանի օգնությամբ ընտրվել, ոստիկանության շարքերը
    համալրել հանցագործ էլեմենտներով և այլն:
    Հասկանալի է, որ Ձեր առաղարկը լոկ առողջ ցանկություններ են, նորմալ երկրի համար, բայց ոչ այն
    իրականացնելու համար, երբ այս վարչախումբը լոկ թալանի և բռնությանն է հակված: Համոզված եմ,
    որ շատ ավելի խորն կարող էք մեկնաբանել պրոբլեմը, քան իմ կարճ ու կծկտուր այս երկու տողը:

  2. Մարգար Մախսուդյան says:

    https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=tJgLEdbI2Ak
    Դատելով այս տեսանյութից, Կալինինգրադի մարզը թերևս ավելի բարձր կարգավիճակ ունենա ապագա սովետաշունչ մաքսային քրեակատարողական հիմնարկում, քան Հայաստանը: Կարող ե՞ք ասել. հանուն ինչի՞…,
    Իսկ Դուք ասում եք ներքին գործընկեր…
    Ժողովրդական. Խոզին դրեցին գորգին, գլորվեց, ընկավ ցեխը…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30