Այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը եւ արհմիությունների կոնֆեդերացիան համաձայնագիր ստորագրեցին «Հայացք» ակումբում, եւ ինչպես միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, այս երկու կառույցները հանդիսանում են Եվրամիության արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի անդամներ, ուստի համագործակցության խթանման համար անհրաժեշտ էր նոր համաձայնագիր ստորագրել:
Պարոն Մակարյանի փոխանցմամբ` այս նախաձեռնությամբ փորձելու են լուծել աշխատանքային խնդիրներ, աշխատողների իրավունքների պաշտպանությամբ, հատկապես մարզերում, որտեղ աշխատողների ու նաեւ գործատուների տեղեկացվածության պակաս կա:
Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանն էլ ասաց, որ նախաձեռնությունը ավելի գործնական եւ կիրառական բնույթ ունի գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման, աշխատանքային անվտանգ եւ ապահով պայմաններ ստեղծելու, կոլեկտիվ աշխատանքային պայմանագիր ստեղծելու ուղղությամբ, իսկ վերջնական նպատակը արժանապատիվ աշխատավարձն է:
Aravot.am-ի այն հարցին, արդյոք ծրագրով գործատուներին պարտավորեցվելո՞ւ է արժանապատիվ աշխատանք եւ արժանապատիվ աշխատավարձ ապահովել աշխատողներին, պարոն Թումասյանն ասաց. «Ցանկությունները մեծ են, մենք կուզենայինք նվազագույն աշխատավարձը մոտեցնել նվազագույն զամբյուղին, բայց դրան հասնելու համար, եկեք չխորանանք այդ հարցերի մեջ, եկեք ըմբռնումով մոտենանք, որովհետեւ դրան հասնելու համար պետք է ժամանակ, որը նախատեսված է կառավարության ծրագրով»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը պարոն Մակարյանից հետաքրքրվեց, թե որքանով է նպատակային համագործակցել մի կառույցի հետ, որը գրեթե չի աշխատում եւ դաշտում գործունեություն չի ծավալում: Գագիկ Մակարյանը փորձեց արդարացնել կոնֆեդերացիայի գոյությունը, նշելով, որ շատ դեպքերում կոնֆեդերացիայի աշխատանքը չի երեւում. ասենք արհմիությունների կոնֆեդերացիան մասնակցում է օրենսդրությունների ընդունման քննարկումներին, կամ` կառավարության հետ քննարկումներին, սրանք աշխատանքի չնկատվող մասն է:
Իսկ կոնֆեդերացիայի նախագահն էլ, մի փոքր բորբոքված հարցից` ասաց` «Ի՞նչն է ձեզ անհանգստացնում, որտե՞ղ եք տեսել արհմիության անգործությունը, դիմե՞լ եք դուք արհմիություն, մի հատ ճշտենք էլի, խաթարվել է ձեր իրավունքը, դիմել եք, չե՞ն վերականգնել»:
Լրագրողների դիտարկմանը, որ ամբողջ աշխարհում արհմիությունների աշխատանքը բոլորի համար տեսանելի է, իսկ օրինակ` Հայաստանում, երբ վարորդներն էին դժգոհում, կոնֆեդերացիան չերեւաց, պարոն Թումասյանն ասաց. «Վարորդները մեր արհմիության անդամը չեն, շատ արհմիություններ են մեր կառույցի անդամը`ատոմակայանը, «Նաիրիտ» գործարանը: Կոնֆեդերացիան օրենսդրական դաշտում է աշխատել, գնաճի վերաբերյալ կարծիք է հայտնել, «Նաիրիտի» մասով պահանջել ենք, որ աշխատավարձ վճարվի: Ասում եք` ամբողջ աշխարհում ակտիվ են, ի՞նչ անենք, դուրս գանք փողոց, ավտոնե՞ր ջարդենք, վառենք, շենքե՞ր վառենք»:
Կրկին դիտարկմանը, որ ամբողջ աշխարհում արհմիություններն աշխատողների իրավունքները պաշտպանելու համար բողոքի ակցիաներ են կազմակերպում, պարոն Թումասյանն ասաց. «Ցույցեր են անում, որովհետեւ այնտեղ կա ավանդույթ, օրենք, որը գործում է: Այստեղ շատ քաղաքական ուժեր երջանիկ կլինեին, որ արհմիությունները դուրս գային փողոց: Եկեք էս խախուտ կարգավիճակում …կինո եք տեսել, որտեղ արհմիությունները դուրս եկան`շենքեր վառեցին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ