Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը Հայաստանին լրացուցիչ 16 միլիոն դոլար դրամաշնորհ կտրամադրի

Սեպտեմբեր 10,2013 13:57

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Դալիան քաղաքում  հանդիպել է ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանին։

Չինաստանի  վարչապետը ողջունելով հյուրին՝ շնորհակալություն է հայտնել Դալիանի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար: «Վերջին անգամ մենք հանդիպել էինք Շանհայ էքսպոյի շրջանակներում և ուրախ եմ կրկին Ձեզ Չինաստանում տեսնելու համար»,- նշել է Չինաստանի վարչապետը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ՀՀ վարչապետն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին. «Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է և վստահ եմ, որ հարաբերություններն էլ ավելի են խորանալու։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չինաստանին Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր հավասարակշռված դիրքորոշման համար։ Ուրախ եմ նաև, որ վերջին տարիներին մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով խորանում են։ Այս տեսակետից կարևոր է նաև Հայաստանում Կոնֆուցիի կենտրոնի գոյությունը, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Մենք ցանկանում ենք, որ Կանֆուցիի կենտրոնը մասնաճյուղեր բացի նաև Հայաստանի մարզերում։ Կարևոր է նաև, որ Հայաստանում կառուցվելու է չինական դպրոցը։ Շնորհակալ ենք Չինաստանի կառավարությանը, որ ամեն տարի ավելացնում է Չինաստանի տարբեր բուհերում կրթություն ստացող հայ ուսանողների քանակը,  ինչպես նաև այն օգնության համար, որ Չինաստանը մշտապես մեզ տրամադրում է՝ Երևան քաղաքի ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ և տարբեր սարքավորումներ»։

«Տեղյակ եմ, որ և՛ անձամբ Դուք, և՛ հայ ժողովուրդը շատ եք կարևորում չինական մշակույթը: Այդ առումով մենք պատրաստ ենք ձեր ուսանողների թվաքանակը Չինաստանի բուհերում ավելացնել, ինչպես նաև ընդլայնել Կոնֆուցիի կենտրոնի գործունեությունը»,- նշել է Չինաստանի վարչապետ Լի Կեցիանը։

«Մենք պատրաստ ենք մեր քաղաքացիներին, որպես տուրիստներ ուղղորդել, որպեսզի նրանք այցելեն Հայաստան, ծանոթանան Ձեր երկրին: Աշխատանքներ կտարվեն չինական ներդրումները Հայաստանում ավելացնելու ուղղությամբ: Մենք նաև պատրաստ ենք Հայաստանից դեպի չինական շուկա ներմուծել տարբեր ապրանքներ։ Բացի Հայաստանում ներդրումներ անելուց, մենք ցանկանում ենք չինական շուկայում տեսնել հայկական կոնյակ, ոսկերչական իրեր և թանկարժեք քարեր։ Հայաստանն ու Չինաստանը բարեկամ երկրներ են, և մենք չափազանց ուրախ ենք, որ դուք այստեղ եք մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին՝  այսպես կոչված ամառային Դավոսին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, և ի նշան մեր երկրների ընկերական հարաբերությունների՝ մենք որոշում ենք կայացրել, Հայաստանի կառավարությանը լրացուցիչ հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրել համատեղ ծրագրերի իրականացման համար։ (2013 թվականի համար ՉԺՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետությանն արդեն իսկ տրամադրել էր շուրջ 11 միլիոն դոլարի դրամաշնորհ անհատույց տեխնիկական օգնության ծրագրի շրջանակներում։ Այդ գումարի հիմնական մասը տրամադրել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությանը, իսկ մյուս մասով Հայաստանը մաքսային ծառայության համար ձեռք է բերել մաքսային զննման շարժական սարք (սկաներ))

Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումն այն է, որ կողմերը կարողանան զսպված ձևով և բանակցություններով հասնեն լուծման և, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»նշել է Չինաստանի վարչապետը։

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել օգնության համար և նշել, որ ի տարբերություն հայ-չինական քաղաքական հարաբերությունների, տնտեսական կապերը մի փոքր հետ են մնում և կողմերը պետք է այդ ուղղությամբ աշխատանք իրականացնեն։ Այդ առումով վարչապետ Սարգսյանը կարևորել է տուրիստական հոսքերը դեպի Հայաստան, էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի տուրիստական գործակալության միջև համագործակցության անհրաժեշտությունը՝ կարևորելով ուղիղ ավիակապը երկու երկրների միջև։

Կարևորելով հայկական կոնյակի վաճառքը չինական շուկայում Տիգրան Սարգսյանը նշել է. «Այսօր հայկական կազմակերպությունները մեծացնում են կոնյակի և գինու արտադրությունը: Այսօր Հայաստանում արտադրվում է նաև ծխախոտ և կխնդրենք այդ հարցում ևս մեզ օգնել, որպեսզի այս ապրանքները արտահանվեն Չինաստան: Տնտեսական հարաբերությունների զարգացման  համար կարևոր է այն փաստաթուղթը, որը մենք այսօր ստորագրելու ենք։ Օգտվելով առիթից, ուզում եմ տեղեկացնել նաև, որ մենք Երևանում հիմնել ենք ազատ տնտեսական գոտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող չինական ընկերություններին հրավիրում ենք այդ տարածքում աշխատելու»,- նշել է Հայաստանի վարչապետը։

Կողմերը կարևորել են այն հանգամանքը, որ համատեղ իրականացվող նախագծերի քանակը անընդհատ ավելանում է և դրանցից առանձնացրել են ամենախոշորը՝ Նաիրիտ-Շանսին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշմանը։ Միաժամանակ վարչապետ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն ունի նաև դիտորդի կարգավիճակ ձեռք բերել համագործակցության Շանհայի կազմակերպությունում, և այս առումով Հայաստանին անհրաժեշտ կլինի Չինաստանի օժանդակությունը։ Լի Կեցիանը նշել է, որ Չինաստանը շատ լավ է հասկանում Հայաստանի ցանկությունը ակտիվ մասնակցել տարածարջանային գործընթացներին և Չինաստանը նույնպես տրամադրված է ակտիվ հարաբերություններ ունենալ Մաքսային միության հետ։ Չինաստանի վարչապետը նաև նշել է, որ Չինաստանը Շանհայի կազմակերպության իր գործընկերների հետ կքննարկի Հայաստանի դիտորդի կարգավիճակ ունենալու հարցը։

«Վերջում, պարոն վարչապետ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր մի շարք պետությունների ներկայացուցիչների հետ եմ հանդիպելու, բայց իմ աշխատանքային օրվա առաջին հանդիպումը հենց Ձեզ հետ եմ ունենում և, բացի դա, Հայաստանը միակ պետությունն է, որի հետ այսօր ստորագրում ենք մի շարք փաստաթղթեր»,-նշել է Չինաստանի վարչապետը։

 

*******

Հայաստանի և Չինաստանի վարչապետերի ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև առևտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը),

Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը),

Հուշագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև, արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փոխըմբռնման վերաբերյալ։ (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը)։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30