Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միությանը միանալը Արմեն Ռուստամյանը համարում է «կենսական անհրաժեշտություն»

Սեպտեմբեր 10,2013 13:52

«Ես ասացի՝ ճիշտ կլինի, որ արձանագրենք, որ մենք հստակեցում ենք մտցրել մեր արտաքին քաղաքականության մեջ, վեկտորը դարձել է ավելի հստակ, որը ենթադրում է, որ մենք սկսում ենք Մաքսային միությունից, ԵվրԱզԷս-ից և հասնելու ենք Եվրասիական միություն, որը քաղաքական միավոր է: Եվ եթե այդ տրամաբանությամբ ենք մոտենում հարցին, խնդիրներ են առաջանում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա Մաքսային միությանը միանալու վերաբերյալ դռնփակ նիստից դժգոհ էր, քանի, որ իր կարծիքով, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հստակ չի պատասխանել հարցերին:

Ռուստամյանը տեղեկացրեց, որ նախարար Նալբանդյանին ուղղված առաջին հարցը հետևյալն է եղել՝ ինչպե՞ս է այս գործընթացի մեջ ներգրավվելու Ղարաբաղը, որտե՞ղ է մնալու Ղարաբաղը:

Երկրորդ հարցը վերաբերվել է Հայաստանի` տարբեր համաձայնագրերով ստանձնած բազմաթիվ պարտավորություններին. ի՞նչ է լինելու այս գործընթացի մեջ մտնելու դեպքում: ՀՅԴ-ական պատգամավորը մասնավորաբար հիշեցրեց, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է: Ռուսաստանն էլ է այս կազմակերպության անդամ, բայց տարբեր երկրներ տարբեր պարտավորություններով են մտել այս կազմակերպություն: Ռուստամյանի խոսքով՝ մենք պարտավորությունների բավականին լուրջ ծավալ ենք ստանձնել Առևտրի համաշխարհային կազմակերպության դեպքում, և պետք է հասկանալ՝ ի՞նչ է լինելու, արդյոք խնդիր չենք ունենալու այս կազմակերպության հետ:

«Երրորդը, մենք հիմա գնում ենք Եվրամիության հետ կնքելու Ասոցացման համաձայնագիր, պարզ է, որ ասոցացումն իր ամբողջական իմաստով ենթադրում է ներդաշնակեցում տնտեսականից մինչև քաղաքական: Հիմա բնական է, որ այդ ամբողջական իմաստով չի լինելու ասոցացում, ինչ-որ մասնակի ասոցացման մասին ենք խոսում: Այդ նոր` մասնակի ասոցացումը արդյոք հետագայում նորից վերանայելու առիթ չի՞ տալու, եթե մենք Եվրասիական միությանը, որպես քաղաքական միավորի, անդամակցենք: Ես լիարժեք պատասխան չստացա, միակ սփոփիչն այն էր, որ այս պայմաններում Մաքսային միության մեջ մտնելով՝ Ղարաբաղը դրանից չի տուժի, բայց իմ ասածը բոլորովին այլ էր, ձևաչափի մասին էր խոսքը՝ Ղարաբաղը որպես միավոր ձևաչափի մեջ մտնելո՞ւ է, թե՞ ոչ»,- նշեց Ռուստամյանը:

Ռուստամյանը համարում է, նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 3-ից հետո, ինչը, ԱԳ նախարարը չի ուզում նկատել: Լա՞վ նոր վեկտորը թե վատ` այլ հարց է. «Բայց այն որ այդ վեկտորը նշանակում է շարժում այս Մաքսային միությունից Եվրասիական միություն, արդեն որպես քաղաքական միավոր, դա միանշանակ է ու դա չգիտակցելը կբերի նոր սխալների: Ես ինքս էլ հասկանում եմ, որ այն բաղադրիչների առկայության դեպքում, որոնցով մենք կապված ենք Ռուսաստանի հետ՝ դրա այլընտրանքը չկա։ Եթե չունես այլընտրանք, ամրապնդի այն, ինչ ունես։ Թե ինչու դա չունենք ու չունեցանք, դա այլ հարց է, բայց մենք այնպիսի վիճակում ենք, երբ կենսական անհրաժեշտությունից պետք է բխեն քո քայլերը»։

Լրագրողներից մեկի հարցին`ստացվում է, Մաքսային միությանը միանալը Հայաստանի համար կենսական անհրաժեշտությու՞ն էր, Ռուստամյանը պատասխանեց. «Իհարկե։ Որևէ մեկը չի կարող ասել, որ ռազմական կամ էներգետիկ անվտանգության հարցերով Հայաստանն այսօր Ռուսաստանից բացի այլընտրանք ունի։ Սա իրականությունն է դժբախտաբար։ Բայց ինչու՞ ոչինչ չի արվել այլընտրանք ունենալու համար»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30