Այսօր քաղաքապետարանի հավատարմագրված լրագրողները միայն կեսից կարողացան մասնակցել ավագանու բաց նիստին: «Առավոտ», «Հայկական ժամանակ» օրաթերթերի, «Ազատություն» ռադիոկայանի եւ Ա1+- լրագրողները քաղաքապետարանի փակ դռներն էին թակում, որ ներս մտնեն, բայց ոստիկանները անգամ դռներին չմոտեցան:
«20 րոպե է, ինչ նիստը սկսվել է, հեսա կվերջանա, բայց մեզ ներս չեն թողնում»,- ասաց «Առավոտ» օրաթերթի լրագրող Լուսինե Բուդաղյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Գագիկ Աղբալյանն էլ շարունակեց. «Ավագ ենթասպային խնդրեցինք, որ մեզ թույլ տան ներս մտնել, ասաց` հիմա կճշտի, բայց 10 րոպե հետո եկավ եւ ասաց, որ իրեն թույլ չեն տվել ներս մտնել նիստերի դահլիճ: Ինքը խնդրել է փոխանցեն քաղաքապետարանի աշխատակից Արթուր Գեւորգյանին, որ լրագրողներ են սպասում : Երբ հարցրի` ձե՞զ էլ թույլ չեն տալիս մտնել նիստերի դահլիճ, ասաց` կոռեկտ չէ, ես կոռեկտությունը չեմ խախտում, չցանկացա մտնել: Ստացվում է արհեստականորեն լրագրողների աշխատանքը խոչընդոտում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ