Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու հին ու նոր իշխանությունները կռիվ են մղում քաղաքի ամենաեկամտաբեր բիզնեսի համար

Սեպտեմբեր 10,2013 13:24

P1172438 P1172437 P1172440

Անցած շաբաթվանից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ սկսվեց ավտոկայանատեղիների կազմակերպման թեմայով դատավարությունը: Գյումրու քաղաքապետարանը դատի է տվել Վարդան Ղուկասյանի մերձավորներից մեկին` Տարոն Գասպարյանին` պահանջելով չեղյալ համարել նրան 99 տարի վարձակալությամբ տրամադրված հողատարածքների մասին որոշումները:

Քաղաքի ամենակենտրոնական հատվածները նրան տրամադրվել, ավելի ճիշտ նրա անունով են գրանցել կառուցապատման նպատակով, վերջինս էլ 15 ավտոկայանատեղիներ է հիմնել` բավականին եկամտաբեր բիզնես ծավալելով: Սամվել Բալասանյանի թիմակիցների ասելով, այս գումարը պիտի գնա քաղաքի բյուջե, ոչ թե մի անհատի գրպան, որը փող աշխատելուց բացի՝ ոչ մի ծառայություն չի մատուցում քաղաքին:

Ինքնիրավչությամբ զբաղվելու մեղադրանքով Գյումրու քաղաքապետարանը Տարոն Գասպարյանի դեմ բողոք է ներկայացրել նաև իրավապահ մարմիններին: Շիրակի մարզի դատախազի հրահանգով էլ հարուցվել է քրեական գործ:

Ինչևէ, դատարանում Տարոն Գասպարյանի շահերը ներկայացնող Արա Սարգսյանը, որը Վարդան Ղուկասյանի օրոք Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետն էր, մեզ հետ զրույցում ասաց. «Քաղաքապետարանը հերթական հայցն է ներկայացրել այս հարցի շուրջ: Մի գործը վարչական դատարանում կասեցված վիճակում է, քանի որ մենք վիճարկել ենք քաղաքապետարանի որոշումը, որով վերացվել էին 99 տարով Տարոն Գասպարյանին հողի կառուցապատման իրավունքով տրամադրված քաղաքապետի նախկինում կայացրած որոշումները և պայմանագրերը: Էդ որոշումները քաղաքապետարանը ներկայացրել էր կադաստր, որպեսզի այս մարմինը պետական գրանցման ենթարկի, կադաստրը իրավաչափորեն մերժել էր քաղաքապետարանին` ասելով, որ դրա համար անհրաժեշտ է դատական ակտ: Քաղաքապետարանը, գտնելով, որ կադաստրը սխալ է, դիմել էր կադաստրի դեմ վիճարկման հայցով:

Այդ ընթացքում Տարոն Գասպարյանը, ստանալով քաղաքապետի կողմից մատնանշված որոշումը, բողոքարկեց այդ որոշումը վարչական դատարանում, և արդեն այս գործի քննության հետ կապված` վարչական դատարանը քաղաքապետարանի առաջին ներկայացրած հայցը` ընդդեմ կադաստրի, կասեցրեց», ասաց Արա Սարգսյանը:

Ըստ նրա, Գյումրու քաղաքապետարանը, հույս չունենալով, որ հաջողության կհասնի վարչական դատարանում, փորձում էր նպատակին հասնել ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ Արա Սարգսյանի, քաղաքացուն ժամանակին մրցութային կարգով տրամադրվել են հողատարածքներ, որոնք գտնվում են փողոցներում` ավտոկայանատեղիներ կազմակերպելու նպատակով: «Քաղաքացին այդ բոլոր պայմանները կատարել է, ավոտոկայանատեղիները կազմակերպել է, այսօրվա դրությամբ քաղաքապետարանը, քանի որ տիպային պայմանագիր է՝ արտատպած է պաշտոնական տեղեկագրից, ասում է քանի որ կառուցապատման իրավունքով է տրամադրվել: Տարոն Գասպարյան, դու փողոցներում, ես շեշտում եմ ՝շենք ու շինություններ պետք է կառուցեիր: Քանի որ այդ շենքերն ու շինությունները չես կառուցել, հողը նպատակային նշանակությամբ չես օգտագործել՝ մենք գտնում ենք, որ այդ պայմանագրերը պետք է լուծարել», -այսպես մեկնաբանեց Արա Սարգսյանը:

Նա գտնում է, որ եթե քաղաքապետարանը նույն սկզբունքով մոտենա, ապա պիտի փոշմանի ու ձեռքերից հետ կվերցնի անհատական բնակելի տների կամ վարձակալության համար տրամադրած հողամասերը ու տանի նորից քաղաքային բյուջե: «ՀՀ «Սահմանադրությունը, 42 հոդվածը, Քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածը, իրավական ակտերի մասին օրենքը սահմանում են հետևյալ կարգը` օրենքը կարող է հետադարձ ուժ ունենալ միայն եթե օրենքում այդ մասին ուղղակիորեն նշված է: Պատկերացրեք, գնում եք պայմանագիր եք կնքում, հաջորդ օրն ասում են` գիտեք ինչ փոշմանել ենք, այդ պայմանագիրն արդեն ուրիշ պայմաններով պետք է լինի: Սա իրավական պետությանը բնորոշ երևույթ չէ: Չի կարելի հետադարձ ուժ տալ մարդու իրավունքները սահմանափակող, վերացնող, խախտող, կամ ավելի պատժելիությունը խստացնող… Քաղաքացիական օրենսգիրքն ասում է` եթե պայմանագրի կնքումից հետո ընդունվել է օրենք, որը այլ պայմաններ է թելադրում երկու կողմերին՝ գործում է պայմանագիրը»:

Արա Սարգայանը նաև գտնում է, որ Գյումրու քաղաքապետարանը կարող է նոր ավտոկայանատեղիներ կառուցել, եթե գտնում է, որ բյուջեն դրանով կարելի է հարստացնել: Մինչդեռ Գյումրու քաղաքապետարանը գտնում է, որ Տարոն Գասպարյանն ինքնիրավչությամբ խլում է Գյումրու համայնքային բյուջեին հասանելիք գումարը` զգալի նյութական վնասներ հասցնելով քաղաքին: Քաղաքապետարանը չի կարողանում հավաքագրել 14 միլիոն դրամը, որը նախատեսել է այս նպատակի համար:

Նշենք, որ այստեղ նաև հուշում են, որ Տարոն Գասպարյանի անունը ձևականորեն է օգտագործված. ավտոկայանատեղիների կազմակերպման բիզնեսը իրականում Վարդան Ղուկասյանինն է:

Գյումրու փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի պարզաբանումները այս թեմայի շուտ ընթերցեք քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30