Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստներից մեկին քարշ տալով, մյուսին գրկած, մյուսի գլուխն էլ սեղմելով տարան ոստիկանություն (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2013 13:08

Արդեն 45 օր քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդներն ու մի խումբ ակտիվիստներ այսօր ամեն կերպ փորձում էին ներս մտնել քաղաքապետարան` ավագանու նիստին մասնակցելու:

«Քանի որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը  եւ Երեւան-Տրանսի տնօրեն Միսաք Համբարձումյանն իրենց մանկլավիկների հետ խաղաղ ցուցարարների նկատմամբ ցուցաբերեցին փողոցային խուժանին բնորոշ վարքագիծ` հայհոյելով եւ ծեծի ենթարկելով բողոքի ակցիայի մասնակիցներին…քաղաքապետարանը եւ պետական իշխանության այլ կառույցներ`մասնավորապես ոստիկանությունը, այս անգամ էլ մնացին օլիգարխիայի եւ կոռումպացված պաշտոնյաների շահերը սպասարկողի կարգավիճակում եւ ամեն կերպ սկսեցին ճնշել հանրության արդարացի պահանջը: Արդյունքում ավելի քան 50 քաղաքացի արդեն բռնի կերպով բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ` առանց իրավական հիմնավորման…  Քանի որ առ այսօր ավագանին լռում է եւ չի հայտնում իր դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ, ցանկանում ենք մասնակցել ավագանու նիստին եւ պահանջել, որ այս հարցը մտնի ավագանու օրակարգ եւ ավագանու անդամներից յուրաքանչյուրը հայտնի իր դիրքորոշումը»,- իրենց քաղաքապետարան մտնելու նպատակը հայտնեց ակտիվիստ Լենա Նազարյանը:

Ակտիվիստներին մոտեցան ոստիկանները, հորդորեցին հասարակական կարգը չխախտել, հակառակ դեպքում ստիպված կլինեն ձեռնարկել համապատասխան քայլեր:

Ակտիվիստները, իրենց անձնագրերը ձեռքին մոտեցան քաղաքապետարանին, բայց մինչեւ այդ ոստիկաններն արդեն պատնեշ էին կազմել շենքի առջեւ եւ ակտիվիստներին թույլ չտվեցին մոտենալ անգամ աստիճաններին:

Քաղաքապետարանից ակտիվիստներին մոտեցավ աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը, պնդեց, որ ավագանու նիստերը հրապարակային չեն, ինչպես պնդում են ակտիվիստները եւ այդ նիստերին կարող են մասնակցել նրանք, որոնք հրավիրված են կամ քաղաքապետի կամ համապատասխան խմբակցության կողմից: Ակտիվիստներն էլ սկսեցին վիճել, թե օրենքով նման կետ չկա, բայց աշխատակազմի ներկայացուցիչը հեռացավ:

Սկսվեց քաշքշուկ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ, ու հերթով բերման ենթարկվեցին մոտ 10 ակտիվիստներ: Ոստիկանները,  շղթա արած եւ բռնի ուժով աստիճաններից իջեցրին ակտիվիստներին, մեկին գրկած, մեկին քարշ տալով ու մյուսի գլուխը սեղմած  նստեցրին ոստիկանական մեքենաներն ու ուղարկեցին  ոստիկանության կենտրոնի բաժանմունք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30