Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Մենք չենք վստահեցրել, թե նախաստորագրելու ենք, ու հիմա հետքայլ ենք անում»

Սեպտեմբեր 10,2013 12:56

Սեպտեմբերի 5-6-ը Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը: Հատված վեհաժողովի մասնակից, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից: 
 –Եվրոպացիների կոշտ պնդումներից պարզորոշ դարձավ, որ իրականում Արեւմուտքը երբեք էլ չի եղել «եւեւ»-ի կողմնակիցը, քանի որ բացահայտորեն պնդում են միայն «կամկամ»-ի մասին:
-Եվրոպայի մեր գործընկերների մեջ, իրոք, կա որոշակի անորոշություն: Նրանք այն կարծիքին են, որ Հայաստանը անդամակցելով Մաքսային միությանը չի ստորագրի ՀԱԱԳ համաձայնագիրը, ապա չի կարող ստորագրել եւ Ասոցացման համաձայնագիրը:
Իհարկե, փաստ է, որ կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որ ՀԱԱԳ-ի ստորագրումը ենթադրում է տեխնիկական անհամապատասխանություն Մաքսային միության տրամաբանությանն ու գաղափարներին: Հետեւաբար այսօր մենք դեռեւս ձեռնպահ ենք մնում ՀԱԱԳ-ի մասին պայմանագրի ստորագրումից, իսկ Ասոցացման համաձայնագիրը դիտարկում այլ համատեքստում, քան մեր եվրոպացի գործընկերները:
   –Այսինքն՝ Հայաստանը թեւակոխեց նոր փուլ, որը ենթադրում է նոր ձեւաչափերի, նոր մոտեցումների հստակեցում:
   -Այո, ստեղծվել է մի նոր իրավիճակ, այսինքն՝ նոր քննարկումների, բանակցային գործընթացի սկիզբ, ինչի հետեւանքով, բնականաբար, կծնվեն համագործակցության գուցե նոր գաղափարներ, մոդելներ, ձեւաչափեր: Առաջիկայում մեզ մեծածավալ աշխատանք է սպասվում եւ՛ Մաքսային միությանը, Եվրասիական տնտեսական տարածքին ինտեգրվելու ուղղությամբ, եւ՛ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հեռանկարի ուղղությամբ:
Պետք է մեկտեղենք եվրոպացի գործընկերների հետ մեր ընկալումները, որպեսզի կարողանանք իմի բերել ու, ի վերջո, գալ մի կարեւոր եզրահանգման՝ Ասոցացման համաձայնագիրն ամբողջությամբ կապել ՀԱԱԳ-ի ստորագրման հետ, ամենեւին էլ չի բխում Արեւելյան գործընկերության տրամաբանությունից։ Ինչո՞ւ, որովհետեւ Արեւելյան գործընկերության հիմքում ընկած է մերձեցման քաղաքականությունը: Իսկ մենք պատրաստակամ ենք Եվրամիության հետ ե՛ւ այդ, ե՛ւ այլ ծրագրերի շրջանակներում շարունակել բարեփոխումների ընթացքը: Այսինքն՝ ասոցացման, մերձեցման քաղաքականությունը մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի խնդիր, մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը:
Այլ բան է, որ կա քննարկման անհրաժեշտություն, պետք է ճշտել, թե հատկապես ո՞ր ուղղություններով է հնարավոր դա իրականացնել, որպեսզի լինի երկուստեք ընդունելի, նաեւ չհակասի Մաքսային միության գործընթացին: Այս ամենը հընթացս պարզ կդառնա:
Վստահ եմ, որ հնարավորինս կարճ ժամկետներում մեր եվրոպացի գործընկերների հետ մենք կգանք ընդհանուր հայտարարի: Ու չնայած հնչեցին կոշտ հայտարարություններ, միեւնույն է, դա չի նշանակում հարաբերությունների դադար կամ խզում: Ես մի բանում համոզված եմ, որ Եվրոպայի համար Հայաստանը եղել ու մնում է կարեւոր գործընկեր:
   –Չնայած այս օրերին քիչ չի խոսվում եւ վստահության կորստի մասին:
   -Գուցե ինչ-ինչ շրջանակներ փորձում են դա շահարկել, բայց մենք երբեք որեւէ կողմի վստահությունը չենք չարաշահել, մենք առավել քան բաց ենք եղել, առավել քան հասկանալի ձեւակերպել մեր ասելիքը, մեր բոլոր հայտարարություններում հստակ արտահայտել ենք ե՛ւ մեր պահանջները, ե՛ւ առաջարկները:
Մենք չենք վստահեցրել, թե նախաստորագրելու ենք, ու հիմա հետքայլ ենք անում: Ե՛վ հանրապետության նախագահը, ե՛ւ տարբեր պաշտոնյաներ միջազգային հարթակներում հստակ ուղերձ են հղել, որ մեզ համար «ե՛ւ…ե՛ւ»-ի քաղաքականությունն է կարեւորը: Ըստ էության, այսօր մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, քանի որ «եւ… եւ»-ը հե՛նց դա է, որ մենք չենք ցանկանում կորցնել մեր գործընկերներին, եւ չենք ցանկանում գործընկերություն ծավալել մյուսի հաշվին: Հետեւաբար վստահության չարաշահման կամ կորստի հարց չի կարող լինել:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30