«Բոլոր մեր գործընկերները հնարավորություն ունեցել են հարցեր տալու: Հնարավոր է, ժամանակը չի բավականացրել…»,- այսօր խորհրդարանում արտգործնախարարի հետ փակ քննարկումից հետո`պատասխանելով լրագրողների այն դիտարկումներին, որ ընդդիմադիր գործիչներին չեն բավարարել ԱԳ նախարարի պատասխանները, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը նկատում է, որ շատ դեպքերում ընդդիմադիրների պատասխաններն էլ հնարավոր է՝ իրեն չեն գոհացնում, իր պատասխաններն էլ շատերին չեն գոհացնում: Ամեն դեպքում, երեւույթը նա կոչում է «բազմակարծություն»:
Բուն հարցի վերաբերյալ էլ ասաց. «Եթե ձեզ թվում է, որ մարդ կա, ով իր արժեքային համակարգով կամ իր գաղափարներով գտնում է, որ Մաքսային միություն մտնելը սխալ որոշում է, պարոն Նալբանդյանը պիտի ասի`այո. Սխալ որոշում է, որպեսզի նրան գոհացնի՞: Դա ընկալման խնդիր է»:
Որպես հանդիպման մասնակից, Շարմազանովը գտնում է, որ արտգործնախարարը բավականին հստակ, նորմալ եւ հրապարակային բաներ է ասել եւ եղել են դետալներ, որոնք «շատերիս համար նորություն էին»: Ավելին, արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել, որ հետագայում էլ ցանկացած ֆորմատով հանդիպի պատգամավորներին:
Կարդացեք նաև
Շարմազանովը կարծում է, որ այն հարցերը, որոնց մասին պատգամավորները ժամանակի սղության պատճառով չեն կարողացել խոսել, դեռ առիթներ կունենան բարձրաձայնելու: «Եթե մարդանց նպատակը լրատվամիջոցների առջեւ իրենց ցուցադրելն է, իհարկե, ձախողված է: Բայց եթե նպատակը արդյունավետ հանդիպում ունենալն էր արտգործնախարարի հետ եւ նոր ինֆորմացիա ստանալն էր, այո արդյունավետ ինֆորմացիա ստացել են բոլորը»
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ