Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս ունի, որ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Այսօր այդ մասին խորհրդարանում ասաց ՀՀ արտգործնախարարը`Մաքսային միությանը միանալու վերաբերյալ դռնփակ նիստից հետո:
Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նաեւ, որ հանդիպել է Լիտվայի արտգործնախարարի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, եւ ներկայացվել է Հայաստանի ցանկությունը. «Հնարավոր բոլոր ձևաչափերով և հնարքներով և հնարավորինս սերտ և խորը համագործակցություն ունենալ Եվրամիության հետ և շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները այն դրականով, որը արձանագրվել է վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության միջև: Բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել, որը հնարավոր կլինի Եվրամիության կողմից և որը չի հակասի Հայաստանի որոշմանը՝ անդամակցել Մաքսային միությանը»:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Լիտվայի արտգործնախարարը դրական է արձագանքել`ասելով, որ համատեղ պետք է շարունակենք համագործակցությունը՝ հիմնվելով այն ձեռքբերումների վրա, որոնք եղել են երկու կողմում:
Ընդդիմադիր պատգամավորները դժգոհում էին, թե իրենց հարցերին պատասխաններ չեն տրվել: Լրագրողների այս դիտարկմանը պատասխանելով՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Դե գիտեք ինչ, եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ուրեմն կարծում է, որ պատասխան չկա: Պատասխանները բոլոր այն հարցերին, որոնք հնչել են, ես տվել եմ, եթե որևէ մեկը ըմբռնում է, որ ինքը այլ կարծիքի է և բավարար չէ այդ պատասխանն, արդեն անձնական կարծիք է»:
Կարդացեք նաև
Նալբանդյանն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե ինչո՞ւ նման կարևոր որոշում ընդունելուց հետո քաղաքական ուժերի հետ չեն խորհրդակցել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ