Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայում ամառային թմբիրից հետո ռումբի պես պայթեց»

Սեպտեմբեր 10,2013 12:29

Հատվածներ «Ինտեգրացիա եւ  զարգացում» ՀԿ-ի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ ՍԱՖԱՐՅԱՆԻ հարցազրույցից:

– Սեպտեմբերի մաքսային սկիզբը Ձեզ համար անակնկա՞լ էր, թե՞ օրինաչափ։

– Ես կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայում ամառային թմբիրից հետո ռումբի պես պայթեց։ Վերջին 6 ամիսների քաղաքական քննարկումները առնվազն վկայում էին, որ Հայաստանում դժվար ընտրություն է կատարվում ինտեգրացիոն գործընթացների միջև։ Թվում էր, որ մենք ճիշտ բանաձև ենք առաջադրում, երբ ասում էինք ոչ թե կամ-կամ, այլ՝ և-և, թվում էր՝ դա իրականում հաշտեցնող համադրություն է, ակտիվ մասնակցություն և եվրասիական գործընթացներին, և եվրոպական ինտեգրմանը։ Սակայն երկու կողմից էլ բացառվեց այդ հնարավորությունը, և Հայաստանը կատարեց ընտրություն։ Իսկ ո՞վ է զարմանում, որ Մաքսային միության երկար տարիների դիտորդ անդամ Հայաստանը որոշեց մասնակցության մակարդակը բարձրացնել մինչև լիարժեք անդամ։

– Դուք ասում եք՝ ո՞վ պիտի զարմանար։ Բոլոր նրանք, ովքեր հուլիսին ԵՄի հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին տեղեկացվելուց հետո տրամաբանորեն կարող էին մտածել, որ բանակցությունների ավարտին հետևում է համաձայնության կայացումը։ Եթե Հայաստանը ստորագրում է ասոցացման համաձայնագիրը, բայց չի ստորագրում Ազատ, խոր և համապարփակ առևտրի համաձայնագիրը, ասոցացման համաձայնագիրը վերածվում է բարի մտադրությունների ակտի, որովհետև այլևս չեն իրականացվի համակարգային բարեփոխումներ, որոնք հակասելու են Մաքսային միությանը։

– Փաստորեն, իր քայլով Հայաստանը, ի դեմս իր նախագահի, սատարել է ՌԴ նախագահի՝ Մեծ Եվրոպա ունենալու տեսլականին։ Հայաստանը, փաստորեն, ասաց, որ մենք ուզում ենք շարունակել և զարգացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, բայց մեր տեղը տեսնում ենք եվրասիական մեծ, ընդհանուր շուկայում։ Դա նշանակում է, որ մեծ, էական աջակցություն է հայտնվել ՌԴ նախագահի՝ Դուբլինից մինչև Վլադիվոստոկ մեկ ընդհանուր, մեծ շուկա ունենալու տեսլականին։ Երբ Պուտինը խոսում էր ընդհանուր շուկայի մասին, միայն տնտեսական կատեգորիաները նկատի չուներ, 2012-ի հայտնի հրամանագրում նա հատուկ նշել է Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունները ռազմավարական գործընկերության ոգով զարգացնելու մասին։ Խոսքը հիմա Եվրոպայինն է, առաջիկա ամիսներին Հայաստանից բացատրություններ են սպասելու։

– Բացատրությունների ակնկալիքներն արդեն հայտնվել են։

– Հայաստանը պիտի ներկայացնի, թե ինչպես է տեսնում իր ապագան աշխարհում, այդ բացատրություններից հետո թերևս մտածելու են, թե ինչ անեն, որ չձախողվի Արևելյան հարևանության ծրագիրը, ինչպիսի բովանդակություն տալ այդ ծրագրին, որ համահունչ լինի այսօրվա քաղաքական իրողություններին։ Սա էլ տևելու է ամիսներ, բայց ես համոզված եմ, որ մեր երկխոսությունը, որ ՌԴ-ի դաշնակիցների շարքում առաջարկում ենք Եվրամիությանը որպես համագործակցության շատ բարձր մակարդակ, հաջողություն է ունենալու։ Եթե հետևեք եվրոպական, ամերիկյան մամուլին, կտեսնեք, որ վերջին երկու շաբաթներին նախագահ Պուտինի՝ Մեծ Եվրոպայի տեսլականի մասին ավելի շատ է գրվում, քան երբևէ։ Ռուսաստանն ունի բնական աշխարհագրական առավելություն՝ ԵՄ-ն Չինաստանին կապող օղակն է։ Եթե Ռուսաստանը զգալի տնտեսական ներդրումներ անի այդ միջանցքը բանուկ դարձնելու ուղղությամբ, իսկ այդ միջանցքի մեջ նաև աբխազական երկաթուղու վերագործարկումն է, նրա դերն ու նշանակությունը շատ կմեծանան։

Եվրոպացի տնտեսագետներից մեկը հաշվել էր, որ եթե ապրանքների տեղաշարժը կատարվի ռուսական երկաթուղու միջոցով, ժամանակակից տրանսպորտային ռեգլամենտների համապատասխան, մինչև 50 օրով կրճատվում է ապրանքների տեղաշարժը և Հայաստանի համար սկսում է գործարկվել հզոր ներուժ ունեցող Հյուսիս-Հարավ տրանսպորտային ճանապարհը:

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de  facto»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30