Հայաստանի սովորական քաղաքացին, այդ թվումՙ բարձրագույնավարտ, ենթադրում է, կարծում է, մտածում է, որ Մաքսային միությանը միանալու «Հայաստանի որոշումը» նշանակում է Հայաստանի անկախության կորուստ: Այսինքնՙ Հայաստանի անկախության կորուստ չէ ԱՊՀ կազմում մնալը, անկախության կորուստ չէր ՀԱՊԿ-ին անդամագրվելը, բայց անկախության կորուստ է հենց Մաքսային միությանը միանալու որոշումը: Ի դեպ, Ղազախստանը անդամ է եւ ԱՊՀ-ի, եւ ՀԱՊԿ-ի, եւ Մաքսային միության, բայց, «չգիտես ինչու», Ղազախստանը համարում են անկախ երկիր, ավելին, չնայած ղազախները ՀԱՊԿ-ի անդամ են, ինչը ենթադրում է, որ Աստանան պարտավոր է որեւէ այլ (կազմակերպության ոչ անդամ) երկրի հետ զորավարժություններ անելուց առաջ իր այդ որոշումը համաձայնեցնել ՀԱՊԿ անդամ իր դաշնակիցների հետ, այդուհանդերձ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ղազախները շուտով համատեղ զորավարժություններ կանեն թուրքական ու ադրբեջանական զորախմբերի հետ Թուրքիայում: Ուրեմն կարելի է անկախ մնալ` լինելով ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ Մաքսային միությունում միաժամանակ:
Այլ հարց է, որ Հայաստանի քաղաքացիները ունեն իրավունք` տեղեկացված լինելու, ի՞նչ է կոնկրետ Մաքսային միությունը, ի՞նչ է լինելու Հայաստանում այդ միությանն անդամակցելուց հետո, եւ ի՞նչ կարող էր լինել, եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիրը:
Հայաստանի քաղաքացին իրավունք ունի մասնակցելու Հայաստանի որոշման կայացմանը:
Երեկ մեկնարկած ԱԺ-ի աշնանային նստաշրջանում պարզ դարձավ, որ պատգամավորներից շատերն էլ չգիտեն, թե ի՞նչ է նշանակում լինել Մաքսային միության անդամ, եւ թե որքանով է դա ավելի շատ բխում ՀՀ շահերից, ինչում վստահ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, օրինակ, քան Ասոցիացման համաձայնագիրը: Այսինքն, եթե Մաքսային միության անդամի կարգավիճակով հնարավոր չէ Ասոցիացման համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, ինչի մասին եվրոպաշտոնյաները բազմիցս են հայտարարել, եւ ինչի մասին, անշուշտ, ՀՀ ղեկավարությունը գիտեր եւ գիտի, ու իմանալով հանդերձ, «Հայաստանը որոշում է կայացնում»` միանալու Մաքսային միությանը, որը «բխում է ՀՀ շահերից», կնշանակի կամ Ասոցիացման համաձայնագիրը չէր բխում ՀՀ շահերից, կամ բխում էր, բայց ավելի քիչ, քան Մաքսայինին միանալը: Ստացվում է, որ ՀՀ ղեկավարությունը շուրջ 4 տարի բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ մի համաձայնագրի շուրջը, որը կամ առհասարակ չի բխում ՀՀ շահերից, կամ քիչ է բխում…
Իսկ Հայաստանի քաղաքացին, երբ նրան չեն ասում այն ամենն, ինչն իրեն հետաքրքրում է, ու այն ամենն, ինչը վերաբերում է իրեն, սկսում է ենթադրել, եզրակացնել, վստահություն հայտնել… Գուցե սխալ, բայց յուրաքանչյուրս ունենք սխալվելու իրավունք, եթե պետության ղեկավար չենք:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում