Մեզնից խլեցին մեր երազանքը, մեր ներսից պոկեցին Եվրոպան, եւ ճանապարհը դեպի նա մնաց միայն իրենց, մեր փոխարեն որոշեցին մեր տեղը՝ ասում է ռեժիսոր ընկերս։
Օրվա առաջին կեսին գարեջուր ենք խմում ու զրուցում մինչեւ արեւի ընկճվելը, մինչեւ Վերնիսաժի հնավաճառները կհավաքեն էժանագին հագուստների ու բազմազան չուլուփալասների կույտերը։ Նրանք Եվրոպայի ու Ռուսաստանի մասին չեն մտածում, մի քանիսին հարցուփորձ անելով եմ քայլել։ «Ինձ տենց բաներ մի հարցրու, ես ոչ մի բան չգիտեմ, ինձ իմ օրվա առեւտուրն ա հետաքրքրում, որ հաց առնեմ, գիշերը չսատկեմ»։ «Մենք մեզ պիտի հարգենք, Եվրոպան կամ Ռուսաստանը մեր վրա խնդում են»։
«Շատերը չեն հասկանում, չեն պատկերացնում բոլոր վտանգները, որի առաջ կանգնելու է մեր դեռեւս անկախ երկիրը, ապրում են՝ սովետական ժամանակների կարոտաբաղձությունը հոգիներում փայփայած, բայց սովետ 2-ն իսպառ կոչնչացնի էն ամենը, ինչը չհաջողվեց սովետ 1-ին»,- ասում եմ ընկերոջս։
Գարեջուրը քաշում ենք գլուխներս, ծխում ու հիշում Վենետիկը, որին տեսնելուց հետո քառապատկվել էր ապրելու, ստեղծագործելու, լինելու ու հրճվելու կամքը։ «Ով իմանա, գուցե էլ Վենետիկը չտեսնենք, առիթ չլինի, ոչինչ, կշարունակենք տայգաներով ու տունդրաներով ոգեշնչվել, ոգեշնչվել բետոնով ու գետնին թափված արյունանման հեղուկի գույնով։ Ձիու պես կվարգենք անծիր տարածության միջով, կխմենք սամագոնը, կփռենք հանապազօրյա ասֆալտը, քթներս կքաշենք «մոմենտ» կոշիկի սոսինձը, որովայններս ու երակներս կլցնենք հոգեմետ դեղերը ու կոռնանք երջանկությունից, որ Տե՛ր իմ Աստված, ի վերջո մեզ ուժ տվեցիր՝ ազատագրվելու «եվրոպական այդ կեղծ արժեքներից, մարդու իրավունքների շինծու դրույթներից, կրոնական, սեռական փոքրամասնությունների գլխացավից, մեզ ուժ տվեցիր հասկանալու եւ ըմբռնելու մեր ազգային շահը, որ ազգային շահը համամարդկային շահ է, որ ազգային շահը համընկնում է ռուսական համամարդկային շահին, որ ռուսական համամարդկային շահն ավելին է, քան Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահը՝ ստրկանալու կամ ազատագրվելու նրա որոշումը»։
Կարդացեք նաև
Այս օրերի ընթացքում ամենանողկալին Հայաստանի սահմանները պահելու ռուսական զորքի առկայության մասին հիշեցումներն են, ասես մենք ապրում ենք հոգեպես ու ֆիզիկապես բացարձակ խեղվածների աշխարհում, որոնք ունակ չեն նույնիսկ ինքնուրույն հաց ուտել, ջուր խմել, բառ արտաբերել։ Որ Հայաստանում ապրող մարդիկ ամորֆ գոյացություններ են, մսակույտեր, կեղտի, ապականության ու անզորության շեղջեր, մաշված ու բորբոսնած մկաններ, մի գալար ունեցող ուղեղներ։ Ու բնավ կապ չունի ազգի քանակը, հայրենիքի տարածությունը։ Սպարտացիները 500 հոգով պարսկական զորքի դեմ ելան ու չուզեցին ապրել։ Սա էր նրանց որոշումը։ Սարդարապատում ռուսական ու անգլիական զորքը չէր հաղթողը։ Եվ սա էր մեր կարողությունը։ Իսկ Սերժ Սարգսյանը գնաց ու Պուտինի ոտքերի տակ հայ մարդու կարողությունը մի գդալ ջրի մեջ խեղդամահ արեց։
Արամ ՊԱՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում