Կապան: Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը ընթացել է սեպտեմբերի 6-ին և 7-ին Կապան քաղաքի թաղամասերում, 8-ին Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Խդրանց և Սյունիք գյուղական համայնքներում, սեպտեմբերի 9-ին Կապան քաղաքի թաղամասերում:
Գյուղական համայնքների բնակիչները իրենց բողոքն էին հայտնել տարիներ շարունակ գյուղական համայնքների խմելու ջրի և համայնքային ճանապարհների անմխիթար վիճակի, այժմ գյուղերի վերացման վտանգի մասին, իսկ Ուժանիս և Խդրանց գյուղերում դպրոցներ չեն գործում:
Սեպտեմբերի 7-ի ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշման վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության անդամները հանդիպումների ընթացքում հայտարարեցին, որ գորիսյան միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները ուղղակի ծաղր են ժողովրդի նկատմամբ և փորձ Սուրիկ Խաչատրյանի նման մարդկանց դրդելու նոր հանցագործությունների:
Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավի համայնքային հանդիպումների ընթացքում, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնակիցները պնդում էին՝ իրականացնելու հրամայական պահանջը՝ ազատվել ներկայիս իշխանություններից և հաստատել օրինական կարգ:
Կարդացեք նաև
Այսօր «Ժառանգություն» կուսակցության թեկնածուի նախընտրական քարոզարշավը շարունակվելու է Կապան քաղաքում և Շիկահող, Սրաշեն, Ծավ և Ներքին հանդ գյուղական համայնքներում՝ քարոզչական նյութերի դռնեդուռ տարածման միջոցով:
«Ժառանգություն» կուսակցության
լրատվական ծառայություն