«Քննիչը հսկող դատախազի կամ դատախազների՝ իրեն բրգաձեւ հսկող դատախազներով, բոլորի քավորությամբ արդարադատություն իրականացրեց։ Բնականաբար, իրեն ասեցին, որ իրականացնի։ Նա քանի՞ գլուխ ուներ, որ որպես դատավոր հանդես գար ու ասեր՝ ես հիմնավորել եմ, պարզել եմ, որ տեղի է ունեցել անհրաժեշտ պաշտպանություն»,- սա նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի գնահատականն է։
Ըստ նրա, այս դեպքը պարզ ցույց տվեց, թե ինչպես են նախաքննական փուլում խախտվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ Սահմանադրությունը։
«Նախաքննական փուլը մի չարորակ ուռուցք է դատավարություն կոչվող գործընթացում։ Նորմալ երկրներում դատավարությունը երկու փուլից է բաղկացած՝ հետաքննություն եւ դատաքննություն։ Այսինքն, ոստիկանությունն զբաղվում է, մի երկու, թեկուզ ամենաչնչին ապացույցների պարագայում դատախազը պարտավոր է գործն ուղարկել դատարան, որն էլ գնահատում է ապացույցների բավարար կամ անբավարար լինելը, մեղադրական դատավճիռ է կայացնում կամ արդարացնում է, եւ մենք տեսնում ենք, համենայնդեպս, բարձր տոկոսային հարաբերությամբ արդարադատության իրականացում, որին նախանձում ենք։ Ոչ մի պարագայում հետաքննության մարմինը չի կարող ասել՝ ես գտնում եմ, որ սա անհրաժեշտ պաշտպանություն է, ու ինքը իրականացնի արդարադատությունը, ինչը տեղ է գտնում մեր դեպքում, բազմաթիվ այլ դեպքերում եւս՝ ցավոք։ Այսինքն, նախաքննության մարմինը, արդարադատություն իրականացնելու իր չբավարարված ամբիցիաներից ելնելով, քննում է գործ, ըստ էության հանդես է գալիս որպես դատարան, համ մեղադրող, համ դատարան։ Պաշտպանը շատ չպաշտպանված գործառույթ ունի մեզանում, պաշտպան է, որը պաշտպանի կարիք ունի, իսկ քննիչը փակ վարագույրների հետեւում որոշում է կայացնում, ոչ հրապարակային, ինչը հակասում է եւ Սահմանադրությանը, եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին, համաձայն որոնց, յուրաքանչյուր անձ ունի իր գործի հրապարակային քննության իրավունք անկախ, անկողմնակալ դատարանի կողմից։ Եթե այս դեպքում տուժող կողմը զրկվեց այս իրավունքից, որովհետեւ արդարադատությունն իրականացրեց նախաքննական մարմինը, ինքը գնահատեց ապացույցը, ինչը սխալ էր ընդհանրապես»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում